Հայաստանի և Արցախի անկախության հոբելյաններին նվիրված ցուցահանդես է բացվել Աստրախանում

ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ջանքերով ՌԴ Աստրախան քաղաքում սեպտեմբերի 24-ին բացվել է «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Ցուցահանդեսը նպատակաուղղված է տեղեկատվություն տրամադրելու անկախության տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության, տնտեսության , գիտության, մշակույ­թի, ճարտարապետության, սպորտի, տուրիզմի բնագավառներում ձեռքբերումների մասին։

««Արմենպրես» լրատվական գործակալությունը մեծ պատվով և պատասխանատվությամբ է մոտեցել այս ցուցահանդեսների կազմակերպմանը: Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարության մեր գործընկերներին, որ կարողացան իրականացնել այս հույժ կարևոր նախագիծը: Հայաստանի անկախության վերականգնումը և Արցախի ազատագրական պայքարը հիրավի պատմական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար, և հույժ կարևոր է, որպեսզի թե մեր հայրենակիցները Ռուսաստանի հայաշատ համայնքներում, թե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի քաղաքացիները «Արմենպրես»-ի լուսանկարների միջոցով ծանոթանան անկախ Հայաստանի և Արցախի տարեգրությանը, ավելի լավ պատկերացնեն այն արժեքները, նվաճումները, որ ունի ժողովուրդը և տեսնեն այն փայլուն ապագան, որ սպասվում է մեզ բոլորիս»,-նշում է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Ցուցադրությունն ունենալու է 7 թեմատիկ բաժին՝ «Անկախությունը՝ բարձրա­գույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսները», «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր», «ՀՀ Նա­խագահի հանդիպումները»: Ներկայացվելու է շուրջ 100 լուսանկար: Ցուցադրությունը շարունակվելու է Վոլգոգրադում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում