AM | RU | EN
USD
EUR
RUB

Ադրբեջանի տիապետության տակ Արցախի գոյությունը կնշանակի նոր ցեղասպանություն. Ֆրանկ Էնգել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումների, ներգրավված կողմերի դերակատարության մասին «Արմենպրես»-ը զրուցել է Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ:

-Պրն. Էնգե՛լ, ապրիլյան պատերազմից հետո չնայած բազում հանդիպումներին, քննարկումներին` բանակցային գործընթացում կարծես որեւէ զգալի արդյունք չի արձանագրվում` կողմերից մեկի ոչ կառուցողական կեցվածքի պատճառով: Կարծես` այժմյան սցենարը նմանվում է նախորդին` բախում, սառեցում: Դուք ի՞նչ եք կարծում. կա՞ ինչ-որ տեսանելի առաջխաղացում:

-Ես միշտ էլ կարծել եմ եւ շարունակում եմ կարծել, որ Մինսկի խումբը կատակ է: Այն այստեղ է ոչ թե իրավիճակին լուծում տալու համար, այլ ավելի երկարաձգելու: Երկու կողմերում էլ իշխանությունները վստահ են, որ սա գոյություն ունեցող միակ ձեւաչափն է: Թվում է` այդ հանդիպումների, քննարկումների արդյունքում պատերազմի ռիսկը կարող է նվազել, սակայն փաստացիորեն ապրիլին մենք տեսանք, որ Մինսկի գործընթացը ոչ մի բան չի կանխում, ինչը տեսանելի կլինի նաեւ ապագայում: Խնդիրն ամենեւին դա էլ չէ: Ես կարդում եմ ադրբեջանական մտավորականների մասին, որոնք միգուցե բարի կամքի տեր մարդիկ են, եւ եթե այդ մարդիկ ղեկավարեին երկիրը, իրավիճակը միգուցե այլ լիներ 25-30 տարի առաջ, սակայն այդպես չեղավ: Փաստն այն է, որ նրանք բոլորն էլ կարծում են, որ պետք է վերցնեն տարածքներ: Ես հարց եմ տալիս. այդ ի՞նչ տարածքներ եք ուզում վերցնել: Չկա ոչ մի տարբերակ այդ տարածքները Ադրբեջանին տալու, եթե այն դա չանի պատերազմի միջոցով: Իսկ եթե Ադրբեջանը չհասկանա, որ նրանք են սկսել պատերազմը, նրանք են պարտվել եւ կորցրել այդ տարածքները, ոչ մի առաջընթաց էլ չի լինելու: Իսկ Արցախի ժողովուրդն իր վճռական դիրքորոշումը ներկայացրել է: Ես ոչ մի այլ հանրաքվեի կարիք էլ չունեմ` պարզելու, թե ինչ են նրանք իրականում ցանկանում:

- Վերջերս բազմիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, եւ ընդգծել, որ Մադրիդյան սկզբունքների վերանայման կարիք կա: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:

-Տեսե՛ք, Արցախի հարցում խնդիրն ավելի շատ ադրբեջանական հասարակությունն է: Այնտեղ այնպիսի քարոզ է տարվում, այնպիսի մի ատելության մթնոլորտ է ստեղծված, որ եթե անգամ ինչ-որ կերպ մենք պատկերացնեինք, որ Արցախը կարող է վերադառնալ Ադրբեջանի մոտ, մենք ականատես կլինեինք մեկ այլ ցեղասպանության: Եվ այդ պայմաններում հատկապես պարտավորեցնող է միջազգային հանրության դերը, որը պետք է հասկանա, որ եթե նույնպես չվերանայի իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, ապա այդ ժողովրդին հնարավոր է` սպառնա անհետացում: Այստեղ խոսքը ամենեւին էլ խաղաղ գործընթացի մասին չէ, երբ մարդիկ հանդիպում են, ձեռք սեղմում. սա մի երկրի մասին է, որը ցանկանում է վերացնել մյուսին: Սա մի իրավիճակ է, որը պետք է դիտարկվի այնպես, ինչպես իրականում կա, այլ ոչ թե ինչպես ուզում ենք տեսնել:

- Հետաքրքիր է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նմանատիպ միտք էր առաջ քաշել վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում` ասելով հակառակը, որ հակամարտության կարգավորման համատեքստում ցանկանում է տեսնել մերձեցում երկու երկրների ժողովուրդների միջեւ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Մի բան հստակ է. դու երբեք չես կարող խուսափել աշխարհագրությունից: Այստեղ Հայաստանն է, այնտեղ՝ Ադրբեջանը: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ այն, որ մարդիկ վերադառնային նորմալ շփման, սակայն դա անելու համար նախեւառաջ պետք է ահռելի մասշտաբներով նվազեցնել այդ քարոզը: Ուորլիքը պետք է իմանա, որ արդեն ստեղծված իրավիճակը կարող է հուշել ամեն ինչ: Օրինակ՝ այն, ինչ պատահեց Ռամիլ Սաֆարովի դեպքում: Նա սովորական մարդասպան է, ով օրենքով դատապարտվեց եւ բանտարկվեց այն երկրում, որտեղ կատարել էր հանցագործությունը, այնուհետեւ փոխանցվեց Ադրբեջանին մի պայմանով, որ իր երկրում կկրի պատիժը: Եվ ինչ պատահեց. նա ոչ միայն անմիջապես ազատ արձակվեց, այլեւ արժանացավ ազգային հերոսի կոչման հային կացնահարելու համար: Ես մտածում եմ` այս ուր ենք մենք հասել: Սա մի երեւույթ է, որը կարող է պատահել միայն հիվանդ հասարակության մեջ, եւ քանի դեռ այն հիվանդ է, վերոնշյալ հարցում ես որեւէ հեռանկար չեմ տեսնում:

-Պարոն Էնգե՛լ, բազմիցս խոսվել է Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մասին: Չեք կարծու՞մ, որ դա իսկապես կարեւոր է:

-Իհարկե, դա կարեւոր է: Ի վերջո, նրանց գյուղերն են, որ այժմ թիրախի տակ են գտնվում: Կարծում եմ՝ այս տեսանկյունից Արցախը եւս պետք է նստի բանակցային սեղանի շուրջ: Արցախը փաստ է, եւ այն էլ՝ դրական, եւ մինչեւ այդ փաստը չճանաչվի, ոչինչ էլ չի լուծվի:

-Վերջերս Թուրքիան կարծես կրկին ակտիվացել էր՝ խոսելով ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացում ներգրավվելու ցանկության մասին: Ի՞նչ կասեք այս առումով:

-Թուրքիայի՝ Ադրբեջանին մինչեւ վերջ աջակցելու դիրքորոշումը շատ պարզ է: Մենք նաեւ գիտենք, որ, հավանաբար, Ադրբեջանը չի անի ոչ մի քայլ առանց Թուրքիայի հետ խորհրդակցելու: Թուրքիան 8 մլն բնակչություն ունեցող պետություն է, որն ուզում է իր տեղն ունենալ աշխարհում: Դա, իհարկե, չի լինի վաղը, բայց, այնուամենայնիվ, ես մեծ հույսեր ունեմ, որ մի օր Թուրքիան կգա այն եզրակացության, որ կարող է Ադրբեջանի վրա ունենալ մեկ այլ ազդեցություն, քան պարզապես ասելը, որ մենք քեզ հետ ենք մինչեւ վերջ: Թուրքիան պետք է հասկանա, որ ունի շատ խնդիրներ շատ հարեւանների հետ, եւ որ ավելի քիչ հարեւանների հետ քիչ խնդիրներ ունենալը կլինի օգտակար:

-Պարոն Էնգե՛լ, ամեն ինչից զատ, երբեւէ որեւէ երաշխիք կարո՞ղ ենք ունենալ, որ Ադրբեջանը մի գեղեցիկ օր նորից չի սանձազերծի եւս մեկ հարձակում:

-Միանշանակ ոչ: Եթե մի պետության ողջ գոյության պատճառը մի բան վերցնելն է, դա պարզապես հեշտությամբ չի վերանա: Ես համոզված եմ, որ եթե վաղը ինչ-որ մի հրաշքով Ալիեւը որոշի, որ ցանկանում է բանակցել եւ ընդունել ինչ-որ մի ուրիշ տարբերակ, նա իշխանությունից կզրկվի: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանի ողջ քաղաքական դաշտը, բանակը կասի՝ բայց սա այն չէ, ինչին մենք նախապատրաստվում էինք, մենք պատրաստվում էինք հողերը վերցնել: Նա այժմ խրված է մի տեղում, որը ստեղծել է սեփական քարոզի շնորհիվ՝ հետեւելով հորը: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ քայլեր կձեռնարկվեն, Արցախ ը կնստի բանակցային սեղանի շուրջ, թե ոչ, մի բան ակնհայտ է. կգա մի պահ, երբ Ադրբեջանում կասեն՝ մենք ուզում ենք ամբողջը:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը

Լրահոս
ԼՂՀ Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Ղրղզստանում հունվարի 17-ը սգո օր են հայտարարել Boeing-ի կործանման զոհերի հիշատակին Ետտոնական օրերին առևտրի կետերում իրացվող կաթնամթերքը մեծ մասամբ ժամկետանց է եղել. ՍԱՊԾ Ամերիկացիները Ռուսաստանին ավելի շատ են վստահում, քան ԱՄՆ-ին. Օբամա Օբաման պաշտոնաթողությունից հետո պլանավորում Է մոռանալ գործերի մասին եւ կուշտ քնել Հայաստանում անցկացվելու են ԵԱՏՄ գործունեության թեմայով հատուկ խորացված կուրսեր ՍԱՊԾ-ը տոնական օրերին առևտրի 580 կետերում սննդամթերքի իրացման խախտումներ է հայտնաբերել Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի վախճանը մեծ կորուստ է Հայոց եկեղեցու համար Կարեն Կարապետյանն ԱԳՆ-ում հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար. Վիգեն Սարգսյան ԵՄ-ն հույս է հայտնել, որ Կիպրոսի միավորման բանակցություններում առաջընթաց կլինի Երեք առյուծներ հոշոտել են անասնաբույժին եւ նրա օգնականին Հորդանանի սաֆարի-պարկում Մի քանի օրից ուժի մեջ է մտնելու անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ նոր կարգ Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին դատարանում մերժել Է բոլոր մեղադրանքները Գարո Փայլանը Հրանտ Դինքն է. թուրք սյունակագրի հոդվածը Ֆրանսիացիները նշել են սոցիալիստների հեռուստաբանավեճերում ամենահամոզիչ թեկնածուին Կադիրովը պատմել է Չեչնիայում ահաբեկիչներին ''լուծարելու'' ծրագրերի մասին Օբամայի կարծիքով՝ Թրամփին չպետք Է թերագնահատել «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել են նախագծի պատասխանատուներին Արարատի մարզի դպրոցներում հիմնականում պահպանվում է բավարար ջերմային ռեժիմը Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Լոռու մարզը վերազինվում է ազդարարման համակարգով Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կշարունակի վարել Twitter-ի իր օգտահաշիվը Ճապոնիայում յոթ մարդ է մահացել սաստիկ ձնատեղումներից հետո Վահե Բալայանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ում խնդիրների առկայության մասին Վիրավոր զինծառայողը մահացել է Ղրղզստանում կառավարական հանձնաժողով է ստեղծվել Boeing-ի կործանման պատճառների ուսումնասիրման համար Թրամփը ՌԴ-ի հետ միջուկային գործարք է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է Ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Փարիզի խորհրդաժողովի մասնակիցները հանդես եկան Պաղեստինյան պետության ստեղծման օգտին ԵՊՀ առաջին կուրսի ուսանողին մեղադրանք է առաջադրվել սպանության համար Առնվազն 32 մարդ է զոհվել Ղրղզստանում բեռնատար Boeing-ի կործանվելու հետեւանքով Ստատուս քվոյի խաթարմամբ շահագրգիռ միակ կողմը Ադրբեջանն է. Ֆրանկ Էնգել Քանի դաշնակից կունենա Ադրբեջանը, երբ չկարողանա վճարել որեւէ մեկի աջակցության դիմաց. Ֆրանկ Էնգել Իրադրությունն առաջնագծում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում և շախմատի տանը հետևել է խաղերի ընթացքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan