Պետք է լինենք առավել. բալանսը թույլ է տալիս հակառակորդին մտածել, որ ինքը քիչ մը ուժեղ է. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե բանակի վարկանիշն  անկում է ապրում, ըստ նրա, պարզապես ՀՀ-ում  բանակի նկատմամբ հասարակական պահանջն ավելի բարձր է, քան այլ երկրներում՝ հաշվի առնելով այն անվտանգային համակարգը, որում գտնվում է Հայաստանը: Այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հետ զրույցում:

«ՀՀ զինված ուժերից հասարակությունը պահանջվում է ամենալավը, ամենահզորը, ամենահագեցածը, ամենաարդիականը: Եվ երբ ինչ-որ թերություններ է նկատում, երբ մենք չենք համապատասխանում ակնկալիքներին, սկսվում է քննադատությունը, ինչը ճիշտ է, դա պետք է ՀՀ զինված ուժերին: Կառուցողական քննադատությունը մեզ՝ ՀՀ ԶՈւ ղեկավարությանը  պահում է տոնուսի մեջ»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով անկախության զորահանդեսին ցուցադրված ռազմական տեխնիկային և «Իսկանդերի»՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարն ասել է. «Ցանկացած ռազմական շքերթ քարոզչական նպատակ է հետապնդում, քարոզչական՝ լավ իմաստով, որովհետև այն խնդիր է լուծում քո հասարակության համար, խնդիր է լուծում մեր հարևանների հետ կապված: Շքերթների միջոցով  դու ցուցադրում ես քո կարգապահությունը, ներդաշնակությունը, կարողությունները: Դա նաև քո հասարակության առջև, քո հարկատուների առջև որոշակի հաշվետվություն է, թե ինչպիսի սպառազինություններ են ձեռք բերվել: Կարծում եմ, որ այդ նպատակին մենք հասանք»:

Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական նոր նմուշներին, թե դրանք հավասարակշռող դերակատարություն ունեն, Դավիթ Տոնոյանը նշել է. «Մենք ոչ մի բալանսի խնդիր չենք լուծում, մենք պետք է լինենք առավել: Մենք պետք է գերազանցենք մեր հակառակորդին, որպեսզի զսպիչ դեր կատարենք: Բալանսը միշտ հնարավորություն է տալիս հակառակորդին մտածել, որ ինքը քիչ մը ուժեղ է: Ինձ համար այդ համալիրները կանխարգելիչ դերակատարում ունեն, քան թե զսպիչ»: 

Դավիթ Տոնոյանն այս համատեքստում շեշտել է, որ Հայաստանի համար ռազմական արտադրանքի ձեռքբերման որևէ սահմանափակում գոյություն չունի, դաշտն ազատականացված է: Այլ հարց է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առջև սահմանափակում կա՝ չմատակարարել սպառազինություն կոնֆլիկտային տարածաշրջաններին: Իսկ Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունները՝ ռուսական 200 միլիոնի վարկով լուրջ վերազինում է գնում:

«Ազատություն» ռադիոկայանին տված ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դ.Տոնոյանի հարցազրույցը՝ 23.22 րոպեից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում