Արփինե Հովհաննիսյանն Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրասպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն եւ հանել Քաղաքաշինության նախարարությունը:

«Անվանումների փոփոխությունը պայմանավորված է նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, նոր մոտեցումների մեկնարկով»,- ասաց նախարարը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց փոխել նաեւ Սփյուռքի նախարարության անվանումը՝ դարձնելով այն Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն: «Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի այն, որ բոլոր հայերի հայացքներն ուղղված լինեն Հայաստանին»,-ասաց փոխնախագահը:

Արփինե Հովհաննիսյանն ընդունելի համարեց առաջարկությունը՝ նշելով, որ այն կքննարկվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում