Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առաջարկ է ստացել

Կառավարության արտահերթ նիստի օրակարգում է ներառվել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման վարչականացմանը եւ քրեականացմանն առնչվող օրինագիծը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանձնարարականների շրջանակում կան մի քանի առաջարկություններ: Մասնավորապես, արտահերթի օրակարգում է գտնվում հակակոռուպցիոն փաթեթի կարեւորագույն օրինագծերից մեկը: Խոսքը կեղծ հայտարարագրման, հայտարարագիր չներկայացնելու, ոչ ժամանակին, թերի տվյալներ կամ անգզուշությամբ սխալներ ներկայացնելու մասին է: Սա կարեւարագույն քայլ է, որը բազմիցս բարձրացվել էր նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից: Սկզբնական փուլում միայն վարչականն էր, այժմ արդեն խոսում ենք քրեականի մասին»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելու լուրերին՝ նա նշեց, որ առաջարկ եղել է, սակայն չցանկացավ մանրամասնել:

«Ես չէ, որ ինձ պետք է տեսնեմ նախարարի պաշտոնում»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Հունիսի 17-ին Կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստի ընթացում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել էր ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում