Երկրագնդի բնակչության 92 տոկոսը աղտոտված օդ է շնչում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է այն հետազոտության արդյունքները, որի համաձայն մոլորակի տասը բնակիչներից ինն ապրում է խիստ աղտոտված օդով շրջաններում: ԱՀԿ-ն նախազգուշացնում է այդ բնագավառում տիրող «արտակարգ դրության» մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Օդի աղտոտումը շարունակվում է սպառնալի չափերով՝ ազդելով տնտեսության վիճակի եւ մարդկանց կյանքի որակի վրա: Դա արտակարգ դրություն Է առողջապահության համար»,– ասված է ԱՀԿ-ի զեկույցում:

Կազմակերպությունը կազմել է աշխարհի հատուկ ինտերակտիվ քարտեզը, որը հիմնված է օդի մաքրության չափման տվյալների վրա: Օդում վնասակար մասնիկների պարունակությունը ԱՀԿ-ի նորմաներին չի համապատասխանում ոչ միայն Չինաստանում եւ Հնդկաստանում, այլեւ Եվրոպայի շատ երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանի եվրոպական մասում:

Մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եկել է այն անմխիթարական եզրակացությանը, որ քաղաքներում օդի որակը վատանում է, ինչը մեծացնոմ է հիվանդությունների տարածման վտանգը: Կազմակերպության տվյալների համաձայն՝ Երկրագնդի քաղաքացիների ավելի քան 80 տոկոսն ապրում է այնպիսի շրջաններում, որտեղ օդի աղտոտվածությունը գերազանցում է ԱՀԿ-ի կողմից թուլատրելի համարվող առավելագույն մակարդակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում