Թուրքիան ու ՌԴ-ն քննարկում են քաղաքացիների` առանց անձնագրի փոխայցելությունների հնարավորությունը

Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են վարում այնպիսի մի համաձայնագրի կնքման շուրջ, որը թույլ կտա 2 երկու երկրների քաղաքացիներին առանց անձնագրի`միայն նույնականացման քարտերով փոխայցելություններ կատարել:

Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` գործընթացը սկզբնական շրջանում նախատեսում է Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի վիզաների չեղարկում, որը ռուսական կողմը սահմանել էր ինքնաթիռի խոցման հետևանքով 2 երկրների հարաբերությունների լարվելու ֆոնին: Նշվում է, որ առանց ճամփորդական անձնագրի փոխայցելություններ կատարելու հնարավորություն ընձեռող առաջարկը եղել է թուրքական կողմից, ինչին դրական է արձագանքել ռուսական կողմը:

Սպասվում է, որ առաջիկա օրերին ավարտվելիք բանակցությունները դրական ելքով կլինեն, և 2 երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան միայն ինքնությունը հաստատող քարտերի (նույնականացման քարտ) միջոցով փոխայցելություններ կատարել:

Այսպիսով Ռուսաստանը Վրաստանից և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից հետո կդառնա 3-րդ երկիրը, որը Թուրքիայի քաղաքացիներին հնարավորություն կտա առանց անձնագրի մուտք գործել իր սահմաններից ներս:

Նույն այդ կանոնը Թուրքիան կիրառում է 14 երկրի նկատմամբ, որոնց շարքում են Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Վրաստանը, Շվեցարիան, Իտալիան, Հունաստանը, գրում է ermenihaber.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում