Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության 87 աշխատակից հեռացվել է աշխատանքից

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, գյուլենականների հետ համագործակցելու կասկածանքով ժամանակավորապես դադարեցվել էր Թուրքիայի ազգային հետախուզության ծաձայության (MİT) 141 աշխատակիցների լիազորություններ, որոնցից 100-ի նկատմամբ հետաքննություն էր սկսել: Ավելի քան 2 ամիս տեւած հետաքննության արդյունքում 87 աշխատակից վերջնականապես հեռացվել է համակարգից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվականը: Աշխատանքից հեռացվածներից 52-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց անձնական գործերն ուղարկվել են դատախազություն:

Աշխատանքից հեռացված MIT աշխատակիցները ցմահ զրկվել են երկրի պետական հաստատություններում աշխատելու իրավունքից:

Պաշտոնական Անկարան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: Ֆաթուլլահ Գյուլենը ժխտում է ռազմական հեղաշրջմանն իր մասնակցությունը, եւ գտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով: Գյուլենը հայտարարել է, որ եթե այդ մեղադրանքների գոնե տասներորդ մասը ապացուցվի, ապա ինքը կամավոր կվերադառնա Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում