Մահմուդ Ահմադինեժադը չի պլանավորում մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին

Իրանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Մահմուդ Ահմադինեժադը որպես նախագահի թեկնածու չի մասնակցելու 2017 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամեն եիին ուղարկված բաց նամակում, որի տեքստը սեպտեմբերի 27-ին տարածել են իրանական լրատվական գործակալությունները:

«Հաջորդ տարվա ընտրարշավին չեմ պլանավորում մասնակցել»,-ասված Է ուղերձում: Դրա հետ մեկտեղ Ահմադինեժադը հավաստիացրել Է, որ կշարունակի «ծառայել ժողովրդին որպես հեղափոխության շարքային զինվոր»:

Ավելի վաղ Ալի Խամենեին Ահմադինեժադին խորհուրդ չի տվել իր թեկնածությունն առաջադրել 2017 թվականի ընտրություններում: «Ինձ մոտ մի մարդ եկավ խորհրդակցելու: Ես նրան խորհուրդ չտվեցի մասնակցել ընտրություններին: Ընդ որում ես չասացի, որ նա չմասնակցի, ես ասացի, որ դա խելամիտ եւ նպատակահարմար չի լինի»,-սեպտեմբերի 26-ին հայտարարել Է այաթոլլա Խամենեին:

Իրանի առաջնորդը կոնկրետ Ահմադինեժադի ազգանունը չի նշել, բայց տեղի գործակալությունները չեն կասկածում, որ խոսքը հենց նրա մասին Է: Խամենեին այն կարծիքին Է, որ նախագահական մրցարշավին այս քաղաքական գործչի մասնակցությունը «հասարակությունը կբաժանի երկու հակառակ բեւեռների, ինչը չի համապատասխանում երկրի շահերին»:

Մահմուդ Ահմադինեժադն Իսլամական Հանրապետության գործադիր իշխանությունը գլխավորել Է չորսամյա երկու ժամկետ անընդմեջ՝ 2005 թվականից մինչեւ 2013 թվականը: Նրա նախագահության ընթացքում Իրանը վարել Է հակաարեւմտյան եւ հակաամերիկյան կոշտ քաղաքականություն՝ անզիջում դիրք բռնելով իրանական միջուկային գործունեությունը շարունակելու հարցում:

Հերթական նախագահական ընտրություններն Իրանում կանցկացվեն 2017 թվականի մայիսի 19-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում