«Չորրորդ իշխանություն». Արծվիկ Մինասյանն ընդունել է՝ բիզնես մտածողություն չունի

«Չորրորդ իշխանություն»-ում կարդում ենք. «Դաշնակները, որ բավական կոշտ արձագանքեցին ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հասցեին վարչապետ Կարեն Կարապետյանի դիտողություններին, հիմա, կարծես թե, սսկվել են։ Իսկ սա թերևս այն պատճառով, որ ՀՅԴ-ի նախարարական պորտֆելներն, այնուամենայնիվ, պահպանվելու են։ Ավելին, նույն Արծվիկ Մինասյանն արդեն հանգիստ է տանում իր հասցեին վարչապետի՝ ոչ այնքան հաճելի արտահայտությունները։

Օրինակ, Կ. Կարապետյանն ասել է, թե Արծվիկ Մինասյանը չունի բիզնես մտածողություն, այդ պատճառով ինքը չի ուզում, որ Մինասյանը մնա էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ուստի՝ ՀՅԴ-ականին կնշանակեն բնապահպանության նախարար։ Եվ ահա Արծվիկ Մինասյանը շտապել է արդարացնել վարչապետի՝ իր հասցեին ասած խոսքերը։ «Պարոն վարչապետը նոր ձևավորված խնդիրների հարցով տեսնում է այլ անձ։ Ես հարգանքով եմ մոտենում։ Որևէ այլ ենթատեքստ այս հարցի շուրջ չկա, և անկախ նրանից, թե ես որտեղ կլինեմ, իմ գլխավոր խնդիրը, որպես դաշնակցականի, այն նորմերի իրացումն է, որն ամրագրված է թե կոալիցիոն հուշագրով, թե սահմանադրական նորմերը կյանքի կոչելով»,- նշել է Արծվիկ Մինասյանը՝ ընդունելով, որ ինքը բիզնես մտածողություն չունի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում