Կարեն Կարապետյանը փորձում է կոտրել գործող համակարգի ողնաշարը. քաղտեխնոլոգ

Համակարգային փոփոխություններ տեսնելու համար ժամանակ է պետք, բայց մի բան ակնհայտ է՝ շատ արագ հեռացվում են օդիոս դեմքերը, այսինքն՝ Կարեն Կարապետյանը փորձում է կոտրել գործող համակարգի ողնաշարը, որից ամբողջ հասարակությունը բողոքում էր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ ակնարկելով, որ որոշ մարզպետների, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանին հեռացնելու են պաշտոնից:

«Արդեն որոշված է, եթե լուրը մեդիա դաշտ է նետվել, եթե որոշած չլինեին, նման բան չէր լինի»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ իրեն դուր է գալիս վարչապետ Կարեն Կարապետյանի շփումը լրագրողների հետ. տրվում են հստակ պատասխաններ, չկա «պանիբրատսվո» ասվածը:

Կարեն Քոչարյանը միաժամանակ նշեց, որ վարչապետի համար առաջին փորձաքարը լինելու է Հարկային նոր օրենսգիրքը, որը մասնագետները խայտառակություն են համարում:

«Եթե հաշվի առնենք, որ Վրաստանում հանում են շահութահարկը, հարկվելու է դիվիդենտը, ապա պատկերացնո՞ւմ եք, թե մեր քթի տակ ներդրումային ինչ պայմաններ են ստեղծվում: Այս պարագայում ով պետք է գա Հայաստան, ինչու պետք է գա: Հասկանում եմ, որ բյուջե լցնելու խնդիր կա, բայց ինձ թվում է, որ Կարեն Կարապետյանը երկարաժամկետ մտածող է. եթե այս օրենսգիրքն ընդունվի, ապա 3-4 ամսվա համար ինչ-որ հարց կլուծի, բայց հետո՞…հետո բիզնեսներ են փակվելու, նորից հարկ բարձացնելու խնդիր է լինելու:  Ես կարծում եմ, որ այսօրվա կարևոր խնդիրը Հարկային օրենսգիրքն է, որից է կախված, թե շատ բաներ ինչ վեկտրով են գնալու»,-ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է օլիգարխների դիմադրությանը, քաղտեխնոլոգը նշեց՝ բնականաբար նման տրամաչափի դեմքերը հեշտ չեն հանձնվելու. «Այս էտապը շատ երկրներ են անցել, նայեք «Կնքահայրը» և կտեսնեք՝ 100 տարի առաջ նույն փուլն անցել է ԱՄՆ-ն: Այսինքն՝ կրիմինալը մտել է պառլամենտ, հետո դուրս է եկել և բերել է լոբբիստներ: Հիմա մենք այդ նույն էտապն անցնելու ենք: Իհարկե, կան քաղաքակիրթ բիզնեսմեններ, որոնք չեն էլ երևացել, նրանք ՀՀ-ում  քիչ տոկոս են կազմում»:

Անդրադառնալով նորանշանակ նախարարներին, Կարեն Քոչարյանն  ասաց, որ որոշներին չի ճանաչում, բայց պետք է դրականը տեսնել՝ արդեն ճահիճը հոտել էր. «Ոնց որ 80-ականների սովետը լիներ, նայում ես մեկը մեկից մառազմատիկ են: Չեմ ասում, որ ամեն ինչ լավ կլինի, բայց գոնե նոր շունչ է, վատը կլինեն, հուսով եմ կփոխեն և չեն թողնի, որ նրանք էլ ճահիճ դառնան»:

Դիտարկմանը՝ մեկ անձով ոչինչ չի փոխվի, եթե քաղաքական կամք չլինի, Քոչարյանը նշեց, որ կադրային հարցերում կամքը տեսնում է. Կարեն Կարապետյանին բավականին ազատություն է տրված:

Ըստ քաղտեխնոլոգի՝ վարչապետը չի թաքցնում, որ փորձում է ընտրել նրանց, որոնք լավ մենեջեր են, ավելին՝ աշխարհում ընդունված է բերել լավ մենեջերների, քան տվյալ ոլորտի մասնագետների: 

Times.am-ի հարցադրմանը՝ հնարավո՞ր է, որ 2017-ից հետո բախումներ լինեն Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև  վարչապետի պաշտոնի համար՝ հաշվի առնելով, որ գործող նախագահը չի պատրաստվում հեռանալ իշխանական ղեկից, Կարեն Կարապետյանն էլ, թերևս, մի քանի ամսվա համար չէր թողնի Ռուսաստանը և գար Հայաստան, Քոչարյանը շեշտեց.  «Չեմ կարծում, այսօրվա դրությամբ թիմ են, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»: Իսկ ՀՀԿ-ի ներսում տարբեր թևերի միջև, վաղուց է պայքար գնում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում