Շատերը սիրում են իրենց ծննդավայրը, Սուրեն Թամազյանը` ճանաչում այն մանրամասնորեն

Ժամանակ առ ժամանակ առիթ եմ ունենում լինել Ախթալայում ու վերջին այցելությանս ժամանակ ինձ ծանոթացրեցին Ախթալայի նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքապետի թեկնածու Սուրեն Թամազյանի հետ։ 

Թամազյանը՝ որպես հայ հյուրասեր մարդ, հրավիրեց տուն ու տան հարկի ներքո բավականին անկեղծ զրույց ծավալվեց։

Սովորաբար հարցազրույցները որպես կանոն պաշտոնական բնույթ են կրում ու չեն բացահայտում մարդու ողջ էությունը, տալիս ես հարցեր, ստանում կոնկրետ պատասխաններ ու վերջ։ Բայց անկեղծ զրույցը, երբ չունես ժամանակի սահմանափակում, չկան կաշկանդող հանգամանքներ, բացահայտում են զրուցակիցների էությունը, նույնիսկ առանց բառերի երբեմն հնարավոր է լինում կարդալ դիմացինի մտքերը ու ճանաչել մարդուն։ Բայց ամենակարևորը մարդուն ճանաչում ես ոչ թե որպես գործիչ, այլ առաջին հերթին որպես մարդ։

Պետք է խոստովանեմ, որ մշտապես փորձել եմ հեռու մնալ քաղաքական գործընթացներից ու երբևէ չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ։ Ինձ միշտ գրավել են մարդիկ, իմ հետաքրքրությունների առանցքը մշտապես եղել է մարդը, մարդը` որպես բացարձակ արժեք։

Սուրեն Թամազյանի հետ զրույցի ընթացքում իմ առջև բացվեց հետաքրքիր ու յուրահատուկ կոլորիտով օժտված մի մարդու կերպար։ Մարդ, որի հայրենասիրությունը առավել է քան սեփական կյանքի արժեվորումը։ Ու այդ հայրենասիրությունը ի տարբերություն ոմանց, գրքային կամ հռետորական հայրենասիրությունից, ժամանակին ապացուցվել է քայլերով, մարտիրոսվելու պատրաստակամությամբ։

Երբ զենքը ձեռքիդ պաշտպանում ես հայրենի սահմանները, ինքդ քեզ դնում ես զոհվելուց մեկ քայլ հեռավորության վրա ու միայն երջանիկ պատահականությունն է քեզ փրկում չնահատակվելուց, դա պարզ ցույց է տալիս, քո անսահման նվիրվածությունը հայրենի հողին։

Երբ ղեկավարում ես տեղական Ղարաբաղ կոմիտեն, դրանով ապացուցում ես նպատակներիդ հասնելու ու անկախության գաղափարից չշեղվելու անսասան կամքդ։

Սակայն կա մի փոքրիկ առանձնահատկություն։ Բոլորս էլ յուրովի հայրենասեր ենք, բայց կա հայրենիքը սիրելու ու այն սիրուց բացի, տառ առ տառ ճանաչելու տարբերություն։
Ինձ քիչ են հանդիպել մարդիկ, ովքեր իրենց հայրենիքը ու մասնավորապես իրենց ծննդավայրը սիրեն ու ճանաչեն այդքան մանրամասն։ Քիչ են հանդիպել մարդիկ, ովքեր սիրեն իրենց ծննդավայրի ամեն քարն ու անկյունը։ Դա նման է նրան, երբ մեկը դիմանկարում տեսնում է միայն նկարը, իսկ մյուսը` յուրաքանչյուր դիմագիծը։ Թամազյանն, իմ ընկալմամբ, հայրենիքը դիմագծերով կարդացող մարդ է։

Մեր զրուցը բացահայտեց այդ մարդու առանձնահատկություններից ևս մեկը։ Դա նրա սերն էր իր համաքաղաքացիների նկատմամբ, քանի որ, ըստ զրուցակցիս, չկա քաղաք, առանց բնակիչների։ Չի կարող լինել քաղաքի բարգավաճում, առանց բուն բնակիչների բարգավաճման։ Անհնար է սիրել քաղաքն ու միաժամանակ անտեսել նրա բնակիչներին, ու եթե ուզում ես տեսնել քաղաքիդ ծաղկումը, առաջին հերթին պետք է հասնես բնակիչներիդ բարեկեցությանը։ Ինչպես արտահայտվեց զրուցակիցս, մեզ պետք է չէ գեղեցիկ քաղաք, կարիքի մեջ գտնվող բնակիչներով: Անկեղծ ասած ինձ շատ են հանդիպել մարդիկ, ովքեր լինելով քաղաքապետ, շեշտադրումը դրել են միան քաղաքի արտաքին փայլի վրա ու երբ քաղաքը աչքի է զարնել իր մաքրությամբ, դրանով կարծես քողարկել է ներսում տիրող կարիքը։ Սակայն Թամազյանի մարդակենտրոն մոտեցումը ոչ միայն ուրախացրեց, այլև հուսադրեց, որ անկախ առաջիկայում սպասվելիք ընտրությունների արդյունքից, մեզանում կան նման հայրենասեր ու ազգասեր մարդիկ, որոնք իրենց համաքաղաքացիներին մոտենում են այնպես, ինչպես սրտացավ մանկավարժն է մոտենում իր սաներին, ինչպես եղբայրն է մոտենում եղբորը, նվիրված ընկերը` ընկերոջը։

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում