ՊԵԿ-ում ծախսերը կրճատելու խնդիր է դրված

Պետական համակարգում ճոխությունները պետք է կրճատվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից 1 մլն 80 հազար դրամով երեքտեղանոց բազմոց և 9 հեռուստացույցներ գնելու մասին լուրերին:

Նրա խոսքով՝ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Պետական եկամուտների կոմիտեն ճոխ գնումներ չի իրականացնում»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք չէր կարելի համեմատաբար ավելի էժան գներով գույք ձեռք բերել, նա պատասխանեց.

«Ցանկացած պահի միշտ կարելի է ասել, որ կարելի էր ավելի էժան գնել: Հավատացնում եմ ձեզ, որ եթե անգամ ընտրվում է գնումների հայտ ներկայացրած կազմակերպություն, որը նվազագույն գինն է առաջարկել, միշտ է կարելի է կայքերից գտնել այնպիսի մի կազմակերպություն, որոնք կարող էին ավելի էժան առաջարկել, բայց չեն առաջարկել»,- հստակեցրեց Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ կառույցում եւս խնդիր է դրված առավել խնայողաբար օգտագործել հարկատուների գումարները եւ գնալ կրճատումների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում