Վարչապետը հ/կ-երի ներկայացուցիչներից փորձել է պարզել՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը կառավարությունից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության և սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների նպատակն է հասկանալ՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բիզնեսը, սպառողը ՀՀ կառավարությունից, որպեսզի գործադիրը կարողանա ճիշտ արձագանքել և ճիշտ ծրագրեր ներկայացնել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են հանրությանը՝ սպառողներին և արտադրողներին հուզող տարբեր հարցեր: ՀԿ-ների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, հանդես են եկել առաջարկություններով:

Կարեն Կարապետյանը, կարևորելով համագործակցությունը հասարակական հատվածի հետ, նշել է, որ բարձրացված հարցերն ու ներկայացված առաջարկությունները կուսումնասիրվեն համապատասխան գերատեսչությունների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում