Չի բացառվում, որ ՀՀԿ ղեկավար կազմում լինեն փոփոխություններ. Շարմազանով (տեսանյութ)

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ը հրավիրելու է հերթական համագումարը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին  տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այն նախընտրական բնույթ չի կրի, կկրի հաշվետու բնույթ, որից հետո մենք անմիջապես կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին: Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար, կլինեն փոփոխություններ և՛ կանոնադրության, և՛ ծրագրի մեջ: Չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, թե համագումարներից հետո մշտապես «թարմ արյուն» եղել է:

Հարցին` արդյո՞ք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և նորանշանակ անկուսակցական նախարարները կընդգրկվեն ՀՀԿ կազմում, Շարմազանովը պատասխանեց. «չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»:

Անդրադառնալով կադրային հարցերին, մասնավորապես պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ նշանակելուն  կամ վերանշանակելուն,  ՀՀԿ խոսնակն ասաց, որ մինչև հոկտեմբերի 3-ը ՀՀ նախագահը կօգտվի իր սահմանադրական իրավունքից և կիրականացնի այն:

Շարմազանովը չբացառեց նաև մարզպետների փոփոխությունը, բայց չմանրամասնեց՝ որ մարզպետն ումով կփոխարինվի։

Տեսանյութը՝ Ա1+-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում