Սուրեն Թամազյան. «Պետք է կարողանալ հնարավորինս թափանցել համայնքի հոգսերի մեջ և լուծում գտնել յուրաքանչյուր խնդրին»

Times.am-ի հարցերին է պատասխանել Ախթալայի նախկին քաղաքապետ (ընտրվել է 1996, 1999, 2002 և 2005 թվականներին), քաղաքապետի թեկնածու Սուրեն Թամազյանը։

– Պարոն Թամազյան, Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը ներդրվեց 1996 թվականին ու Դուք հենց այդ թվականին էլ առաջին անգամ ընտրվեցիք քաղաքապետ։ Փաստորեն Դուք Ախթալայի առաջին քաղաքապետն եք։ Խնդրում եմ ասեք, ի՞նչ դժվարությունների եք հանդիպել պաշտոնավարման ժամանակահատվածում ու ի՞նչ աշխատանքներ եք կատարել։

– Այո, իրականում դա բավականին բարդ ժամանակահատված էր։ Ունեինք հնգամյա անկախություն և խորհրդային միությունից ժառանգություն մնացած կազմալուծված տնտեսություն։ Ցավոք, անկախության կերտումը ուղեկցվում էր պատերազմով ու շրջափակմամբ, և միայն 1994 թվականի զինադադարի կնքումից հետո հնարավորություն առաջացավ կենտրոնանալ տնտեսության զարգացման ու կենսամակարդակի բարձրացման խնդիրների վրա։ Սակայն հասկանալի է, որ երկու տարին բավարար ժամանակահատված չէր ու 1996թ.  ընտվելով Ախթալայի քաղաքապետ, բնականաբար կանգնած էինք բազմաթիվ խնդիրների առաջ, որոնք ունեին և սուբյեկտիվ, և թե օբյեկտիվ պատճառներ։

– Իսկ ի՞նչ աշխատանքներ և ծրագրեր հաջողվեց իրագործել։

– Ես պաշտոնավարել եմ 12 տարի ու դժվար է հիմա միանգամից մատնանշել կատարված բոլոր աշխատանքները, սակայն կարող եմ մի քանի օրինակներ բերել։ Ընտրություններից մեկ ամիս հետո, մասնակի լուծվեց խմելու ջրի հարցը։ Մինչև այդ Ախթալան ամիսներով ջրազրկված էր, սակայն մեզ հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել, որի արդյունքում առնվազն շաբաթը երկու անգամ դադարեցվում էր Ալավերդու ջրամատակարարումն ու այն ուղղվում Ախթալա։

Խնդիրը էլ ավելի բարելավվեց, երբ հաջողվեց բյուջեի խիստ սղության պայմաններում, վերանորոգել ջրամբարները։ Կառուցվեց ոռոգման ջրագիծ 7կմ երկարությամբ, որը գործում է մինչև այսօր։ Միաժամանակ վերանորոգվեց Ախթալայի խմելու ջրի ներքին ցանցը։ 

Դոնոր կազմակերպությունների միջոցով, այսինքն՝ ոչ բյուջեի հաշվին, կառուցվեց Բենդիկ-Ախթալա 9կմ երկարությամբ խմելու ջրի ջրատարը, որը վերջերս ապամոնտաժվել է բյուջեի հաշվին և որքանով տեղյակ եմ փորձ է արվում վաճառել, գուցեև արդեն վաճառվել է գործող քաղաքապետի կողմից։

– Պարոն Թամազյան, սովորաբար համայնքների ճանապարհները երբեմն խոսուն փաստ են համայնքի ղեկավարի աշխատանքների մասին։ Դա մի խնդիր է, որն այսօր էլ ցավոք ոչ բոլոր համայնքներում է պատշաճ լուծում ստացել։

– Իմ աշխատած տարիներին հաջողվեց ասֆալտապատել Ախթալայի մուտքից մինչև Շամլուղի բաժանարար ճանապարհը։ Ցավոք, չհասցրեցինք ասֆալտապատել միայն մեկ կիլոմետր հատված ու այդ մեկ կլիոմետրը մինչև այսօր էլ անավարտ է ու միայն ժամանակ առ ժամանակ վերանորոգվում է նախընտրական փոսալցումներով։

– Համայնքի ղեկավարի առաջնային պարտականություններից է նաև բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավվումը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Ընտրություններից անմիջապես հետո, բնականաբար, ձեռնամուխ եղանք կոնկրետ աշխատանքների։ Պաշտոնավարմանս ողջ տարիների ընթացքում տարվել են ամենօրյա աշխատանքներ բնակչության սոցիալ-տնտեսական, կենցաղային պայմանները բարելավվելու ուղղությամբ։

Իրականացվեցին տարբեր սոցիալական օգնության ծրագրեր, որոնց շնորհիվ դժվարին տարիներին բնակչությանը մատակարարվել է սնունդ, մասնավորապես ալյուր, ձեթ, շաքարավազ և այլն։ Ավելի քան 250 ընտանիք ընդգրկվեց ՓԱՐՈՍ սոցիալական օգնության ծրագրում՝ ստանալով ամենամսյա դրամական նպաստ։

Համագործակցելով ախթալացի Գագիկ Ազատյանի հետ՝ վերագործարկվեցին երկար տարիների ընթացքում թալանված ու ավերված հանքերն ու հարստացուցիչ ֆաբրիկան, որի վերանորոգման ընթացում աշխատատեղերի քանակը արդեն 100 հոգի էր, իսկ մի քանի տարիների ընթացքում աշխատատեղերի քանակը հասավ մինչև 450 հոգու։ Վերջին 3-4 տարիներին այդ թիվը նվազել է ու հասել մինչև 70-80 հոգի։

Բացի այդ, կառուցվեց նոր գերեզմանատուն, քանի որ հին գերեզմանատանն այլևս հուղարկավորության տեղ չկար։ Բայց ցավոք նոր գերեզմանատան տարածքն այսօր նույնպես սպառված է, ու ներկայումս բնակիչներն ունենում են բազմաթիվ դժվարություններ հուղարկավորության հետ կապված։

Մեզ մեծ դժվարությամբ և ոչ քաղաքի բյուջեի հաշվին հաջողվեց Ախթալայի համար ձեռք բերել նոր աղբատար ավտոմեքենա, որի գործարկումը սակայն իրականացվեց ներկայիս քաղաքապետի օրոք, որն էլ աղբահանության հարցի բարելավումը վերագրում է իրեն։

– Պարոն Թամազյան, Դուք երկար տարիներ աշխատել եք որպես մանկավարժ, եղել եք դպրոցի ուսմասվար, այնուհետև տնօրեն։ Մանկավարժի աշխատանքը օգնե՞լ է Ձեզ պաշտոնավարման տարիներին։

– Անշուշտ։ Մանկավարժ աշխատածս տարիներին շփվել եմ բազմաթիվ երեխաների հետ, որոնք եղել են տարբեր ընտանիքներից, տարբեր միջավայրերից։ Յուրաքանչյուր երեխայի հարկ է եղել ցուցաբերել առանձին մոտեցում։ Մանկավարժը երբեք չպետք է մոռանա, որ ցանկացած երեխա նույնպես անհատականություն է ու ինչպես բոլոր չափահաս մարդիկ, այնպես էլ երեխաները տարբերվում են մեկը մյուսից ու ցանկացած երեխա պահանջում է անհատական մոտեցում։ Եթե մանկավարժը բոլոր երեխաներին ցուցաբերի միանման մոտեցում, կդադարի մանկավարժ լինելուց։

Այդպես էլ համայնքի ղեկավարը պետք է գիտակցի, որ համայնքը որքան էլ համարվի մի մեծ ընտանիք, ամեն դեպքում բաղկացած է տարբեր մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձին խնդիրները։ Համայնքում բացի ընդհանուր պրոբլեմներից, կարող են լինել նաև իրարից տարբերվող հազար ու մի տեսակի ցավ ու հոգս։ Պետք է կարողանալ հնարավորին չափ թափանցել այդ բազմապիսի հոգսերի մեջ ու հնարավորին չափ յուրաքանչյուր խնդրին լուծում գտնել։

– Պարոն Թամազյան, Դուք մասնակցել եք նաև պատերազմական գործողություններին, պաշտպանել եք ՀՀ սահմանները։

– Ես չեմ ուզում ծավալվել այս թեմայով, քանի որ արել եմ այն, ինչ խիղճս է թելադրել, ինչը համարել եմ իմ բարոյական պարտքը երկրիս, հայրենիքիս նկատմամբ։ Իսկ պարտքի մասին չեն խոսում։ Այն կամ կատարում են, կամ թողնում անկատար։

Կա՞ տարբերություն քաղաքապետ և ոչ քաղաքապետ Սուրեն Թամազյանների մեջ։

– Ոչ։ Ինձ ճանաչողները, իսկ Ախթալայում ինձ բոլորն են ճանաչում, գիտեն, որ որևէ տարբերություն չկա։ Պարզապես երբ այլևս չես աշխատում, փորձում ես փոքր-ինչ այլ հայացքով նայել քաղաքիդ, այլ հայացքով նայել առկա խնդիրներին։ Ավելի շատ ժամանակ ես ունենում վերլուծելու անցյալում կատարածդ աշխատանքներն ու կառոցում նոր ծրագրեր, քանի որ կյանքը փոխվում է, այն առաջ է ընթանում ու ամեն մի ժամանակահատված պահանջում է նորանոր մոտեցումներ ու նորանոր լուծումներ։

Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Ամենակարևոր խնդիրներից է աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց աշխատանքով վարել արժանավայել կյանք։ Շատ կարևոր է նաև կանանց համար աշխատատեղերի ապահովումը։ Պետք է ստեղծել համապատասխան միջավայր, որոնք կնպաստեն աշխատատեղերի ավելացմանը, այդ թվում և ԼՀԿ-ում ու այլ ընկերություններում։

Բացի այդ, այսօր ցավով եմ փաստում, որ Ախթալայում չկա մանկական խաղահրապարակ, ցավով եմ փաստում, որ ներկայում մենք չունենք մեծահասակների համար հանգստի ու ժամանցի կենտրոն։ Ցավով եմ փաստում, որ մարզական կյանքը մի տեսակ պասիվացել է։ Գուցե անհավատալի թվա, բայց Ախթալայում չկա նույնիսկ վարսավիրանոց ու ախթալացին մազերը կտրելու համար ստիպված է լինում հասնել Ալավերդի։ Այս բոլոր հարցերը պետք է անպայման գտնեն իրենց լուծումները ու ոչ թե հեռու ապագայում, այլ հնարավորինս կարճ ժամկետներում։

– Եվ վերջին հարցը։ Հոկտեմբերի 2-ին ընտրություններ են։ Բնականաբար ենթադրում եմ, որ նախընտրական հանդիպումներ ունեցել եք, ծրագրերի մասին հավանաբար տեղյակ են ընտրողները։ Կա՞ խոսք, որը չեք ներառել նախընտրական ծրագրում, սակայն կցանկանայիք հնչեցնել հիմա։

– Կարող եմ միայն ասել, որ որևէ մեկը իրավունք չունի ճնշումներ գործադրելու ախթալացու ազատ կամաարտահայտման վրա։ Որևէ մեկը չպետք է, օգտվելով հանգամանքներից կամ զբաղեցրած դիրքից, խաթարի ախթալացու ազատ ընտրության սահմանադրական իրավունքը։ Յուրաքանչյուր ախթալացու ձայնը անպայման պետք է հասնի իր հասցեատիրոջը։ Միայն ազատ ու ժողովրդավար ընտրությունները կարող են ապահովել Ախթալայի հետագա զարգացումը։

Զրուցեց Արսեն ՄԻՐԶՈՅԱՆԸ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում