«Արեւելյան գործընկերության» երկրների մշակույթի նախարարները հավաքվելու են Թբիլիսիում

«Արեւելյան գործընկերության» երկրների մշակույթի նախարարները Թբիլիսիում կմասնակցեն «Ստեղծագործական Վրաստան. մշակույթը եւ ստեղծագործությունը ինովացիաների եւ զարգացման համար» Առաջին ազգային մշակութային համաժողովին: Ինչպես հայտնել են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում, միջոցառումը Թբիլիսիում կանցկացվի 2016 թվականի դեկտեմբերի 8-9-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բացի գերատեսչությունների ղեկավարներից, համաժողովին կմասնակցեն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Եվրահանձնաժողովի գլխավոր դիրեկտորատների ներկայացուցիչներ, տեղի եւ միջազգային փորձագետներ, ինչպես նաեւ երկրի մշակութային եւ ստեղծագործական սեկտորների պրոֆեսիոնալներ:

Ինչպես նշում են գերատեսչությունում, համաժողովի մասնակիցները կքննարկեն «Արեւելյան գործընկերության» ծրագրերի առաջավոր փորձի փոխանակման հնարավորությունները, տարբեր կողմերի համագործակցության խորացման հարցերը, ինչպես նաեւ կքննարկեն մշակույթի զարգացման բնագավառում Եվրախորհրդի փորձի փոխանակման ժամանակակից միտումները: Համաժողովի շրջանակներում նաեւ պլանավորվում է ընդունել Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծագործական ինդուստրիաների զարգացման վերաբերյալ Թբիլիսիի հուշագիրը:

«Արեւելյան գործընկերությունը» Եվրոպական միության համագործակցության ծրագիր է վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում