ՏՏ ոլորտը կարող է շարժիչ ուժ լինել երկրի առաջընթացի համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամներին:
Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, կարևորելով ՏՏ բնագավառի զարգացման ներուժը, նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք կնպաստեն ոչ միայն մրցունակ ՏՏ արտադրանքի ձևավորմանը, այլև երկարաժամկետ արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

ԻՏՁՄ-ի և ՏՀՏԳՄ-ի անդամները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը և ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես են եկել առաջարկություններով: Մասնավորապես, արծարծվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթության և ձեռներեցության դասընթացների կազմակերպմանը, ինժեներական խմբակների գործունեությանը, տեխնոլոգիական համալսարանի ստեղծմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին վերաբերող և հարակից այլ հարցեր:

Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տեխնոլոգիական կրթական համակարգի զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարզերում կրթության հասանելիության և կադրերի պատրաստման խնդրին: Վարչապետն ընդգծել է ՏՏ ոլորտի նշանակությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում և նշել, որ այն կարող է շարժիչ ուժ լինել և արդյունավետ ռեսուրս ստեղծել երկրի առաջընթացի համար:

Կարեն Կարապետյանը հորդորել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ հնչեցված գաղափարներն ու առաջարկությունները ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ և հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ակտիվ համագործակցել նրանց հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում