Գյումրիում հոկտեմբերի 1-ը «լռության օր» է

Գյումրիում հոկտեմբերի 1-ը «լռության օր» է, ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը: Քարոզարշավի 3 շաբաթների ընթացքում նախընտրական պայքարին մասնակցող 11 քաղաքական ուժերը փորձեցին ամեն մեկն իր ընտրած ձևաչափով ներկայանալ ընտրողին՝ ներկայացնելով իր ծրագիրը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրերը գրեթե նույն բովանդակության են՝ փողոցների նորոգում, հակակոռուպցիոն պայքար, աշխատատեղերի ստեղծում, տնակներից՝ քարաշեն բնակարանների տեղափոխում, անվճար ավտոկայանատեղիների ստեղծում, լուսակետերի ավելացում և այլն: Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր ծրագիրը փորձեց գյումրեցուն ներկայացնել որպես ամենաինքնատիպը, սակայն թե այդ ուժերից որն ավելի լավ աշխատեց այս ընթացքում՝ պարզ կդառնա ընտրության հաջորդ օրը՝ արդյունքներից:

Այս ընտրությունը Գյումրիում տարբերվեց ոչ միայն նոր ընտրակարգով՝ ընտրում են ավագանի՝ համամասնական ընտրակարգով՝ ընտրելով կուսակցությանը կամ դաշինքին, որն էլ հետագայում կընտրի քաղաքապետին, այլ նաև մասնակիցն թեկնածուների թվով: Հենց քաղաքապետի պաշտոնն ու առաջիկա ԱԺ ընտրություններն էին պատճառը, որ Գյումրիում այս անգամ պայքարն այդքան հետաքրքրել էր շատերին. պայքարի մեջ է մտել 1 դաշինք և 10 կուսակցություն՝ նախնական ընդհանուր 422 թեկնածու: Կուսակցություններից շատերը նորաստեղծ են՝ նոր դեմքերով: Նախնական գրանցված 422 թեկնածուից 11-ն ինքնաբացարկ հայտարարեց այս ընթացքում:

Գյումրիում ընտրության օրը՝ հոկտեմբերի 2-ին կգործի 82 ընտրատեղամաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում