Մուկուչյանը ՏԻՄ ընտրություններից առաջ այցելել է Լոռու և Շիրակի մարզեր

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով, հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

ԿԸՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Վանաձոր համայնքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների հետ:

Այսօր` հոկտեմբերի 1-ին, Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու Գյումրու ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հանդիպել են Գյումրի համայնքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր ՏԸՀ նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վանաձորի և Գյումրու ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցեր, տրվել են պարզաբանումներ` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք կանոնակարգումների վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում