Վիրավորված զինվորն ապաքինվում է և չի ափսոսում իր կատարածի համար

Ապրիլյան պատերազմում վիրավորված հայ զինվորները քառօրյա պատերազմից հետո էլ ցանկանում են լինել դիրքերում, կռվել և տեսնել, թե ինչպես են այնտեղ քաջաբար իրենց դրսևորում հայ դիրքապահները։ Այդպիսի զինվորներից մեկն է Ռոլանդ Սահակյանը։

Թալիշում Ռոլանդը շատ ծանր վիրավորվել էր, և երբ նրան տեղափոխել էին Երևանի կենտրոնական հոսպիտալ, բժիշկները գրեթե հույս չէին տվել։ Սակայն, Աստծո կամոք, նրան երեք ամիս անց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ։

Ռոլանդը բանակ է զորակոչվել այս տարվա հունվարի 8-ին։ Ընդամենը երեք ամիս անց՝ ապրիլի 4-ին, տեղի է ունեցել դեպքը։ Վնասվածքները ստացել է դիրքեր բարձրանալու ճանապարհին։ Պատմում է, որ մեքենան վարել է ինքը: Հակառակորդի ռմբակոծության ժամանակ էլ շարունակել է վարել, սակայն տեսնելով, որ այն չի դադարում,փորձել է մեքենայից դուրս գալ: Եվ, ինչպես ինքն է պատմում, չի հասցրել, անօդաչու սարքով խփել են։

«Վիրավորվել եմ մարմնի տարբեր մասերում՝ թոքի աջ հատվածից մինչև ձախը։ Ընդհանուր առմամբ տարել եմ 10 վիրահատություն։ Մեկն էլ դեռ սպասվում է։ Շնորհակալ եմ հոսպիտալի բժիշկներին, որ օգնեցին ինձ ոտքի կանգնել։ Մարտակերտից, երբ բերել են Երևան, ընդամենը 1% հույս են տվել, իսկ հիմա ես Ձեզ հետ խոսում եմ, բակում եմ լինում։ Այստեղի բժիշկների շնորհիվ է»։

Իր մասին պատմելիս Ռոլանդն ասում էր, որ մինչև բանակ գնալը զբաղվել է գյուղատնտեսությամբ։ Նաև ցանկացել է բանակից զորացրվելուց հետո բարձրագույն կրթություն ստանալ։ «Մտածում էի ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, լողի բաժին։ Լողալ շատ եմ սիրում։ Ինքս եմ սովորել լողալ, ոչ ոքի մոտ չեմ պարապել»։

Հարցին, թե ինքը որևէ պատվոգիր կամ մեդալ, արդյոք, ստացե՞լ է, պատասխանեց, որ չի ստացել և չի էլ սպասում։

«Պատվոգրի կամ մեդալի համար չէի գնացել այնտեղ։Չնայած հիմա սայլակով եմ, չեմ փոշմանում իմ արած քայլի համար։ Բոլորս՝ վիրավոր, թե մահացած, ամեն ինչ արել ենք մեր ընտանիքների համար՝ գիտակցելով մեր քայլի հետևանքները։ Մենք դիմել ենք այդ քայլին, որ մեր երկրում բոլորը հանգիստ քնեն, որ իմանան՝ դիրքերում կան մարդիկ, ովքեր պաշտպանում են իրենց։ Եթե հնարավորություն լինի, կրկին կգնամ կռվելու։ Ես առաջին գծում չեմ եղել, դիվիզիոնում էի, վարորդ էի: Մեր հաշվարկի հրամանատարի հետ հրանոթը տեղափոխելիս ընկանք ռմբակոծության տակ (ճանապարհը շատ էր կրակակոտվում)։ Դիրքերում չեմ եղել, բայց շատ կուզենայի գնալ այնտեղ, տեսնել, թե ոնց են կռվում մեր տղերքը»։

Լիլիթ Դեմուրյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում