ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 116 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հոկտեմբերի 3-ի նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ երրորդ ընթերցմամբ՝ «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները նույնպես կընդգրկվեն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շարքում:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Այնուհետեւ առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը, որը նպատակ ունի կանխել այն անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալը, ովքեր կարող են ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնել: Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողի Հայաստանի Հանրապետության համար հնարավոր վտանգ ներկայացնելու վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք նախատեսել:

Առաջին ընթերցման ընթացակարգով է քննարկվել նաեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախատեսվում է ծառայություններ մատուցել մեկ պատուհանի սկզբունքով եւ ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգ, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների` առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը եւ կբացառի թղթային կրիչի վրա ներկայացնող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, նաեւ կբարձրացնի գործարքների անվտանգությունը եւ կապահովի սպասարկման բարձր որակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում