Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարվել է հանդիպել ԳՖՀ-ի փոխկանցլերի հետ. Spiegel

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին չի ցանկացել հանդիպել Գերմանիայի փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Ինչպես գրում է Spiegel-ը, հանդիպումից հրաժարվելու պաշտոնական պատճառը չի նշվել, բայց դեռ մինչեւ Թեհրան ուղեւորությունը իրանական մի շարք պահպանողական ԶԼՄ-ներ կոչ էին անում երկիր չթողնել «սիոնիստ» Գաբրիել ին:

Նախարարը Գերմանիայի բազմամարդ պատվիրակության կազմում Իրան է այցելել հոկտեմբերի 2-ից մինչեւ 4-ը, հանդիպումը պլանավորված էր այսօր, բայց Լարիջանիի ներկայացուցիչներն անսպասելիորեն չեղյալ են հայտարարել այն:

«Դրա պաշտոնական բացատրություն չի եղել: Բայց այն կարող է կապված լինել Իրանում մարդու իրավունքների եւ Իսրայելի նկատմամբ Իրանի գործելակերպի վերաբերյալ Գաբրիելի քննադատական դիտողությունների հետ»,-գրում է հրատարակությունը:

Մասնավորապես, ուղեւորության նախօրեին փոխկանցլերը հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Գերմանիայի հետ Իրանի բարեկամական հարաբերությունները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ Իրանը ճանաչի Իսրայելի գոյության իրավունքը»: Դրա համար նույնպես նախարարին քննադատել են Թեհրանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում