Վիգեն Սարգսյանը ռուսների համար ընկալելի ֆիգուր է, իսկ Ասադը մնում է որպես լրջագույն խաղացող. Ալեքսանդր Իսկանդարյան

Սիրիական ճգնաժամի սկսումից արդեն 1-2 տարի հետո եղան միջազգային փորձագետներ, որոնք կանխատեսեցին՝ Սիրիային «բալկանացում» է սպասվում: Մի առիթով ՀՀ-ում նման տեսակետ հայտնեց նաև աստվածաբան Վարդան Խաչատրյանն՝ ակնարկելով, որ «բալկանացումն» արևմտյան պրոյեկտ է. Արևմուտքին ձեռնտու է փոքր պետությունների առկայությունը:

Այսօր Times.am-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ըստ էության համաձայնեց՝ «բալկանացում»՝ նշանակում է, որ նախկին տեսքով պետական միավորն այլևս գոյություն չունի՝ փլուզվել է, և սկսվել է երկարատև անկայուն շրջան:

-Այո, Սիրիան դե ֆակտո փլուզվել է. նախկին տեսքով երկիրն այլևս հնարավոր չի լինելու վերականգնել: Նույնն Իրաքի դեպքում է: Այո, չափազանց լուրջ ապակայունացման խնդիր կա դեպի առավել հարավ: Լիբիան որպես իրական միասնական պետություն գոյություն չունի: Հայաստանի բախտը շատ ուժեղ բերել է, որ գտնվում է 400 կմ հեռավորության վրա. եթե ուղիղ սահման ունենայինք այս տարածաշրջանի հետ, ապա ամեն ինչ շատ վատ կլիներ մեզ համար: Բայց մեր և այդ տարածաշրջանի միջև գտնվում է Թուրքիան, Իրանը, որոնք անկախ ամեն տեսակ խնդիրներից, խնդրահարույց իրավիճակից, ամեն դեպքում, կայացած պետություններ են և զսպում են իրենց սահմանին մոտ ստեղծված անկայուն վիճակը: Իհարկե, երբեմն որոշակի խաղեր են տանում տարածաշրջանում, բայց կրկնում եմ՝ այս «միջնապատը» մեզ հետ է պահում ուղիղ ներգրավվածությունից սիրիական հակամարտությանը:

-Այսինքն՝ Հարավային Կովկասին «բալկանացում» չի սպառնում: Իսկ ի՞նչ զարգացումներ սպասել ռուս-ամերիկյան Սիրիայի հարցով համագործակցության, բանակցությունների խզումից:

-Ռուս-ամերիկյան մրցակցություն կա Սիրիայում, բայց ոչ միայն, մենք դա գիտենք. այն առկա է Ուկրաինայում, ՌԴ-Եվրոպա հարաբերությունների հարթությունում, հետխորհրդային տարածքում: Սիրիան ընդամենը մեկ օրինակ է: Այստեղ լուրջ դիմադրություն կա, կսրվի այն, թե՞ ոչ, պետք է սպասել ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրությունների արդյունքներին, թեպետ չեմ կարծում, որ ընտրությունից հետո կտրուկ փոփոխություն կլինի:

-Օրեր առաջ The New York Times պարբերականը հայտարարեց, թե իր «ձեռքի տակ» է հայտնվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և մի խումբ սիրիացիների հանդիպման ձայնագրությունը, որտեղ Քերին չի բացառել Ասադի մասնակցությունը Սիրիայի նախագահական ընտրություններին:

-Այստեղ խնդիրը Քերին չէ, և քանի դեռ Ասադը լուրջ խաղացող է, սրա հետ հաշվի չնստել չի կարելի: Դեռ նա մնում է այդպիսին, եթե դիրքի թուլացում լինի, նոր միայն նրա հետ հնարավոր է հաշվի չնստել: Այսօր կրկնում եմ՝ Սիրիայի ներքին քաղաքական դաշտում Ասադը լրջագույն խաղացող է, ուստի ԱՄՆ-ը ստիպված է սրա հետ հաշվի նստել: Երկրորդ՝ Ասադի դիրքերի պահպանումը Ռուսաստանի կողմից իր իսկ առջև դրված խնդիրներից է՝ միայն որպես խաղացողի, ոչ ամբողջ Սիրիայի…

– Տեղափոխվենք ՀՀ ներքաղաքական, պաշտպանական հարթություն. համաձա՞յն եք այն դիտարկումների հետ, որ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը դժվար ընկալելի կլինի Ռուսաստանի համար, և որ այս նշանակումը նպատակ էր հետապնդում հավասարակշռություն մտցնել Հայաստանի՝ ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերություններում:

-Չի կարելի նման բան ասել. նա սովորել է ՌԴ-ում՝ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում, աշխատել է ռուսների հետ: Մամուլը չափազանցնում է: Որևէ խդիր չկա և Վիգեն Սարգսյանը շատ լավ էլ կաշխատի ռուսների հետ, ինչն արել է, բայց այլ մակարդակում: Բնականաբար, կաշխատի նաև ամերիկացիների հետ՝ պաշտպանության նախարարի գործառույթների շրջանակում: Իհարկե, ավելի շատ և սերտ Ռուսաստանի հետ ենք աշխատելու:

-Սեյրան Օհանյանի պաշտոնազրկումն արտաքին պատճառներ ուներ, թե՞ միայն ներքին էր:

-Այն, որ Սեյրան Օհանյանը պիտի հեռանար, պարզ էր շատ ավելի վաղ՝ պաշտպանության նախարարության ներսում շատ բաներ էին տեղի ունենում: Այնպես որ անսպասելի բան չկար:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում