Ադրբեջանում սաստիկ գնաճ է արձանագրվել

Ադրբեջանի նախարարների խորհրդի` որոշ պարենային ապրանքների ներմուծման մաքսավճարները ավելացնելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբեր ամսին: Այդուհանդերձ, որոշումից անմիջապես հետո երկրում սաստիկ թանկացումներ են սկսվել, եւ այս գործընթացը կարող է պատճառ դառնալ մի շարք պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Այն ապրանքների շարքում, որոնց ներմուծման մաքսատուրքերը կբարձրացվեն, ներառված են հավի միսը, ձուն, սոխը, վարունգը, ընկույզը, խաղողը, խնձորը, տանձը, սերկևիլը, խուրման, մրգային հյութերը, ալկոհոլային խմիչքները եւ այլն:

Պտուղ-բանջարեղենային ապրանքների ներմուծման մաքսային վճարը կսահմանվի 1 կիլոգրամի համար 1-3 դոլարի սահմանում, իսկ 1000 ձվի ներկրման համար կսահմանվի 100 դոլար մաքսատուրք: Մրգային հյութերի և ալկոհոլային խմիչքների ներկրման մաքսատուրքը կկազմի 1 լիտրի համար ոչ պակաս, քան 0.7 դոլար:

Ներմուծվող ապրանքների թանկացաման ֆոնի վրա ապօրինաբար սկսել են բարձրանալ նաեւ տեղում արտադրվող ապրանքների գները, եւ այս գործնթացը անհրաժեշտ կերպով չի վերահսկվում պետության կողմից:

Փորձագետների հավաստմամբ` Ադրբեջանը դեռեւս ամենեւին պատրաստ չէ տեղական արտադրանքով ապահովելու բնակչության պահանջները:

Ադրբեջանի կառավարությունը մաքսատուրքերի բարձրացման որոոշմամբ ցանկանում է կտրուկ ավելացնել երկրի 2017 թվականի բյուջեի մուտքերը, որոնք, ըստ կանխատեսումների, մաքսային տուրքերի վերաբերյալ այս նոր որոշման արդյունքում կավելանան 27.2 տոկոսով: Ադրբեջանի պետական բյուջեում 2016 թվականի հունվար- օգոստոս ամիսներին ծախսերի եւ մուտքերի միջեւ ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 67 մլն մանաթ, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 2.8 տոկոսը:

Ադրբեջանի կառավարությունը ելքեր է փնտրում նախորդ տարի նավթի եւ մանաթի էժանացումից հետո ծանր վիճակում հայտնված երկրի բյուջեն փրկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում