Ալիև. Ադրբեջանին ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության նիստում բողոքել է, որ Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, հայտնում է aysor.am կայքը:

«Մեր վրա փակ դռների հետևում ճնշում է գործադրվում՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ համաձայնության գալու նպատակով: Մենք շատ մանրուքներ չենք բացահայտում, քանի որ գոյություն ունեն դիվանագիտական կանոններ», – ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված է եղել 2016 թվականի 9 ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացմանը և առաջիկա խնդիրներին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեմ այս հարցում ակտիվ արշավ է իրականացվում:

«Արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի և վիրավորանքի արշավի հիմնական նպատակն է՝ ստիպել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», – ասել է Իլհամ Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում