Վրաստանի նոր ձևավորված խորհրդարանում կլինեն 3 հայ պատգամավոր

Վրաստանի նոր ձևավորված խորհրդարանում կլինեն 3 հայ պատգամավոր

Վրաստանի նոր ձևավորված խորհրդարանում կլինեն 3 հայ պատգամավոր` Հենզել Մկոյանը, Ռուսլան Պողոսյանը, Սամվել Մանուկյանը: Երկուսն ընտրվել են համամասնական, մեկը` մեծամասնական կարգով: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց վրացագետ Ալի կ Էրոյանցը, բոլոր ժամանակներում էլ հայ պատգամավորները փորձում են հայերին վերաբերող հարցերը բարձրաձայնել խորհրդարանում, լուծումներ առաջարկել:

«Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հնարավորություն ունեն որոշ հարցերի լուծում տալու: Կուսակցություններով խորհրդարան անցած հայ պատգամավորները, կարծում եմ, այդքան մեծ հնարավորութուններ չունեն, թեպետ, ջանքեր գործադրում են: Ամեն դեպքում տեսնում ենք, որ նույն Հայոց ցեղասպանության և այլ հարցերի հետ կապված դեռ խնդիրներ կան»,-ասաց Ալիկ Էրոյանցը:

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների` նոր ձևավորվող խորհրդարանում կլինեն 3 քաղաքական ուժեր` «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը` հավաքելով ձայների 48,6 տոկոսը, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը` ստանալով ձայների 27,14 տոկոսը: Նվազագույն 5 տոկոսի շեմը հաղթահարել է «Հայրենասերների ալյանս» կուսակցությունը: Վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ միջազգային կառույցները Վրաստանի խորհրդարանական ընտրությունները համարում են ժողովրդավարական:

«Այս ընտրությունները կարևոր էին նրանով, որ 4 տարի առաջ ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն իրականացված Վրաստանում այսօր ևս ընտրություններն անցկացվում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Չնայած կային որոշ խախտումներ, եղան ծեծկռտուքներ, ամեն դեպքում շատ միջազգային կազմակերպություններ նշում են, որ դրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել ընդհանուր արդյունքի վրա: Այս ընտրություններով իշխող կուսակցությունն ապացուցեց, որ բարեփոխումները շարունակելու հնարավորություն ունի»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Ինչ վերաբերում է այս կազմով խորհրդարանի ազդեցությանը հայ-վրացական հարաբերությունների վրա, ապա Ջոնի Մելիքյանը նշեց, որ ազդեցությունն էական չի լինի, երկու երկրների բարի դրացիական հարաբերությունները կշարունակվեն:

«Որպես իշխանություն մնում է «Վրացական երազանքը», պարզապես այս անգամ լինելու է միայնակ` որպես առանձին միավոր: Նախկինում կազմվել էր կոալիցիա: Ահա այս նոր կարգավիճակը հնարավորություն կտա լինել առավել ազատ: Այս քաղաքական ուժն, ազատվելով եվրոպամետ քաղաքական ուժերից, կարող է ազատ լինել ռուս- վրացական հարաբերություններում, ինչն էլ անուղղակի կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, Հայաստանի ևՎրաստանի բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրաստանում հոկտեմբերի 8-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցեցին 19 կուսակցություն և 6 ընտրական բլոկ: Մեծամասնական ցուցակով պատգամավորի 73 մանդատի համար պայքարեցին 816 թեկնածու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում