Ավելի շուտ Աթանեսը հասավ Հայաստան, քան Վանաձորում ընդդիմությունը իշխանության

Ավելի շուտ Աթանեսը հասավ Հայաստան, քան Վանաձորում ընդդիմությունը իշխանության

Վանաձորում տեղի ունեցավ այն, ինչը բավականին անսպասելի էր, թեպետ ոմանք նման ավարտը չէին բացառում: Ընդդիմությունը ընդամենը 33 ընտրողների մեջ մեծամասնություն կազմելով պարտվեց: Սակայն սա միայն ընդդիմության պարտությունը չէր: Պարտություն կրել նման դասավորվածության պայմաններում, դա ոչ միայն ընդդիմության, այլև առաջին հերթին վանաձորցիների, այնուհետև ողջ հասարակության ու քաղաքական դաշտի պարտությունն էր:

Առաջին անգամ ընդդիմության համար ռեալ հնարավորություն առաջացավ որևէ խոշոր համայնքում հասնել իշխանության: Մեկ կամ երկու համայնքում ընդդիմադիր գյուղապետ ունենալը, դեռևս չի նշանակում, որ ընդդիմությունը զգալի արդյունք է գրանցել: Զգալի արդյունքը կլիներ հաղթանակի հասնել հանրապետության երրորդ քաղաքում, նոր ընտրական մեխանիզմի պայմաններում:

Առաջին հայացքից թվում է դա կլիներ հաղթանակ սոսկ տեղական մակարդակում, բայց իրականում այդպես չէ: Այդ հաղթանակը հասարակության ընդդիմադիր հատվածի մոտ հույս կառաջացներ, կրկին կվերականգներ հավատը ընդդիմության նկատմամբ:

Բացի այդ հիմք կդրվեր քաղաքական նոր մշակույթի, ինչի արդյունքում քաղաքական պատկերը կդառնար բազմերանգ, տարբեր համայնքներում մեկը մյուսից որոշ չափով տարբերվող: Այդ ամենի արդյունքում ոչ միայն գործընթացները կդառնային հետաքրքիր ու արդեն ավելի քան երկու տասնամյակ ջրի երկու կաթիլի պես իրար նմանվող ստանդարտից դուրս, այլև լուրջ խթան կհանդիսանային քաղաքական դաշտի զարգացման ու ժողովրդավարության առաջընթացի համար:

Իսկ հիմա վերցնել ու այսպես տապալել այդ շոշափելի հնարավորությունը, վերցնել ու 33 ավագանիների կազմում մեծամասնություն ունենալով պարտվել, դա զավեշտ է:

Վանաձորում ընդդիմությունն այսօր ընկել էր «Ի՞նչու է աղմկում գետը» ֆիլմի Աթանեսի օրը, որը տանն այնպես մոտ էր, բայց չէր կարողանում հասնել: Իսկ այսօր ընդդիմությունն ավելի մոտ էր հաղթանակին, քան Աթանեսը Հայաստանին:

Այս պարտությունը հասարակության համար շատ ավելի ցավոտ էր, շատ ավելի հիասթափեցնող, քան ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները: Եթե ընտրակաշառքների դեպքում մեղավորության իր մասնաբաժինն ունի նաև հասարակությանը, ապա այս դեպքում հասարակությունն արեց իր ընտրությունը, հաղթանակը սկուտեղի վրա մատուցեց ընդդիմությանը, համենայն դեպս վանաձորյան ընդդիմությանը, վերջինս էլ այն մատուցեց իշխանություններին:

Հիմա ինչքան էլ հայտնվի Հուդան ու ինչքան էլ դրդենք նրան կախվելու, միևնույնն է հարվածը հասարակությանը հասցված է. Միայն այստեղից թող ոմանք հետևություն անեն ու այևս երբեք չմեղադրեն հասարակությանը ընտրակաշառք վերցնելու մեջ, քանի որ, ինչպես ժամանակին ասել է Հռոմի կայսր Վեսպանսիանոսը, փողից հոտ չի գալիս ու բնավ կարևոր չէ փողն ինչ ճանապարհով է հայտնվել մարդու գրպանում ընտրակաշառքի, թե…

Այսօր ևս հերթական անգամ կանգնեցինք այն փաստի առջև, որ մեր քաղաքական դաշտը կայացած չէ ու թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ մատուցելու ու ձևավորելու փորձը չստացվեց, հակառակ դեպքում մի քանի ժամ կռիվ անելու ու բաց քվեարկություն պահանջելու փոխարեն, ինչը ի դեպ օրենքի խախտում է, կարելի էր այնպես ձևավորել սեփական թիմը, որ մնար միայն հաղթանակի արձանագրումը: Բայց եթե չես կարողանում նույնիսկ 18 այնպիսի մարդ գտնել, ովքեր չեն պարտվի 15-ին, ապա ամբողջական իշխանություն վերցնելու մասին խոսակցությունները դառնում են արդեն ծիծաղելի:

Այս ամենը պետք չէ ընկալել որպես քննադատություն, բնավ: Սա պարզապես մտահոգություն է, գուցե փոքր ինչ խիստ, բայց մտահոգություն փայլուն հնարավորության տապալան, քաղաքական նոր մշակույթի ձևավորման ձախողման համար:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում