Քաղաքականության մեջ մտնելու համար անբարոյականությունը պարտադիր պայման չէ. Մելիքյանի պատասխանը՝ Դալլաքյանին (տեսանյութ)

Քաղաքականության մեջ մտնելու համար անբարոյականությունը պարտադիր պայման չէ. Մելիքյանի պատասխանը՝  Դալլաքյանին (տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին չի զարմացրել, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը որոշել է կրկին վերադառնալ ընդդիմադիր դաշտ. դա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու: 

«Առաջին անգամը չէ, որ նա դուրս է գալիս կուսակցության շարքերից և ձևավորում ընդդիմադիր քաղաքական ուժ: Կարծում եմ՝ երբեք պետք չէ ուրիշին մրոտելով, ցեխոտելով, ուրիշի հասցեին ավելորդ հայտարարություններ անելով փորձել դիվիդենտներ շահել ժողովրդի կողմից: Այդպես չի լինում, հատկապես իր պարագայում: Սա առաջին փորձը չէ և կարծում եմ ոչ էլ վերջինը, էլի կլինի: Ես չեմ ընդունում այդ ձևաչափը, ոճը՝ այդպես հախուռն, բուռն քննադատելով ՀՀ նախագահին՝ անհիմն հայտարարություններով: Թող բոլորը հասկանան, որ դա ժողովրդի կողմից անընդունելի է: Եվ միշտ չէ, որ քաղաքականության մեջ մտնելու համար անբարոյականությունը պարտադիր պայման պետք է լինի: Դա պարտադիր պայման չէ»:

Times.am-ի հիշեցմանը, որ նախքան ՀՀԿ-ական դառնալը, Դալլաքյանը նույն ոճով հայհոյում էր Սերժ Սարգսյանին, բայց նրան հանրապետականներն ընդունեցին իրենց շարքերը և պաշտոն տվեցին, Գագիկ Մելիքյանը նկատեց՝  երկու անգամ է ընդունվել:

Հակադարձմանը, թե տեսակետ կա, որ  Վիկտոր Դալլաքյանը Բաղրամյան 26-ից է գործուղվել, որպեսզի առաջիկա ԱԺ ընտրություններին փոշիացնի ընդդիմադիր ձայները, Մելիքյանն առաջ բերեց իր վարկածը. «Նաև կային այլ տարբերակներ, թե նա պայքարելու է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ: Ես այլ տարբերակի եմ հակված՝ Դալլաքյանն ընդամենը ցանկանում է դառնալ պատգամավոր: Բայց այս ոճը, որը ընտրել է նա,  սխալ ու անընդունելի է: Ցանկանո՞ւմ եք մտնել  ընդդիմադիր դաշտ, մտեք և կառուցողական քննադատություններով համոզեք ժողովրդին, որ ձեր ծրագրային դրույթներն ավելի մեծ հավանականություն ունեն իրականանալու»:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ Դալլաքյանը ՀՀԿ-ից դուրս չի եկել  կոնֆլիկտի պատճառով. «Կրկնում եմ՝ նա ընդամենը ցանկանում էր տեղ ունենալ քաղաքականության մեջ, դառնալ պատգամավոր: Ու մի բան էլ՝ եթե այս ասուլիսից հետո ինձ հետ մի բան պատահի,  Վիկտոր  Դալլաքյանին չմեղադրեք»։ 

Հավելենք, որ ՀՀ նախագահն արդեն ստորագրել է Վիկտոր Դալլաքյանին Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու հրամանը:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի արդյունքում ղեկավար կազմի փոփոխությանը, Գագիկ Մելիքյանը հաստատեց՝ լինելու են հստակ փոփոխություններ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կդառնա՞ ՀՀԿ անդամ հարցին, նա պատասխանեց. «Ոչինչ մի բացառեք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում