Աշխարհում տեղի ունեցող զարգացումներից ելնելով հարկավոր է ամրապնդել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը. Բորդյուժա

Աշխարհում տեղի ունեցող զարգացումներից ելնելով հարկավոր է ամրապնդել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը. Բորդյուժա

Այսօր Հայաստանի Հանրապետությունում` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև հոկտեմբերի 15-ը: Սպառազինական այս կարևոր միջոցառման մեկնարկին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: 

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ «ArmHiTec-2016»-ը միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառմանը, ներդրումների խթանմանը և միջազգային կապերի ընդլայնմանը:

«Այդ պատճառով այս միջոցառումը հատուկ ուշադրության է արժանացել հանրապետության ղեկավարության, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, լայն հասարակության կողմից: Ներկայում միջազգային շուկայում ճանաչում գտած և մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության և ռազմական տեխնիկայի կողքին պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում առավել ակտիվ դիրքեր են զբաղեցնում նորարար մշակումները, որոնք թույլ են տալիս նորովի լուծել զինված ուժերի առջև դրված խնդիրները, փոխել մարտական գործողությունների վարման ձևերը, բարձրացնել զինծառայողների անվտանգությունը: ArmHitec-2016 ցուցահանդեսն ունի բոլոր հնարավորությունները զինված ուժերի զարգացման համար առաջադեմ գաղափարների քննարկման հեղինակավոր հարթակի վերածվելու, արդյունաբերական այս ճյուղերի զարգացման հիմնական վեկտորը որոշելու և զարգացումը խթանելու համար»,-  նշեց նախարարը՝ հավելելով, որ հիմնական շեշտը դրված է բարձր տեխնոլոգիաների լուծումների վրա:

«Հայաստանն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցրել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբեռնետիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառներում: Այսօր նույնպես բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունենք բավարար ներուժ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումներ կիրառելու և ներդրումային բարենպաստ պայմաններ ապահովելու համար»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ցուցահանդեսը կնպաստի նաև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը և ցուցահանդեսին մասնակցող պետությունների ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը:

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նկատեց, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ի ուժային պոտենցիալը և պաշտպանել անդամ-պետությունների տարածքային ամբողջականությունը: Իսկ սրա համար պետք է ունենալ ժամանակակից սպառազինություն, որ հնարավոր լինի դիմակայել ցանկացած մարտահրավերի, սպառնալիքի:

«Հիմնական ջանքերն ուղղված են քաղաքական միջոցներով անվտանգության ապահովմանն՝ օգտագործելով քաղաքական ողջ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն աշխարհում իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում է մեկ բանի մասին՝ կազմակերպության ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի: Հենց այս տրամաբանությունից է բխում ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում բազաների ստեղծումը, հավաքական ուժերի կազմավորումը: Դրանք պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ  և տեխնիկայով»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան՝ շեշտելով զենքի համատեղ մշակման և սպասարկման կենտրոնների ստեղծման կարևորությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում