Հիմնական թիրախներից մեկը ՀԱՊԿ միասնության հարցն է

Հիմնական թիրախներից մեկը ՀԱՊԿ միասնության հարցն է

Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովից, հավաքական անվտանգության անդամ երկրների ղեկավարների այս հավաքը որեւէ բանով կտարբերվի՞ նախորդներից։ Այս հարցերի մասին է մեր հարցազրույցը քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։

-Այս գագաթաժողովը կարեւոր է, որովհետեւ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, այս ընթացքում փորձել է կառույցի առաջնահերթությունները համապատասխանեցնել այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ։ Եվ հիմա, երբ Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, պարզ է, որ մեր երկիրը շարունակելու է ակտիվ դերակատարություն ունենալ այդ կառույցի արտաքին քաղաքական եւ ռազմաքաղաքական գերակայությունների մշակման գործընթացում։ Այդ առումով, իսկապես կարեւոր է, որ կարողանանք լիարժեք իրացնել այդ հնարավորությունը եւ փորձենք գտնել լուծումներ, որոնք շահեկան կլինեն թե՛ կառույցի հետագա զարգացման, թե՛ մեր ազգային անվտանգության ապահովման տեսակետից։

Մյուս կողմից՝ սա աշխարհաքաղաքական առումով կարեւոր միջոցառում է, որն անցկացվում է Երեւանում. այստեղ հավաքվելու են ՀԱՊԿ երկրների ղեկավարները, ինչը ինքնին արդեն աշխարհաքաղաքական մեծ խաղացողների ուշադրությունը սեւեռելու է Հայաստանի վրա։

Մենք տեսնում ենք ապակայունացնող լուրջ ազդակներ ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ հարակից տարածաշրջաններում, եւ գերտերությունները, ուժային կենտրոնները ուշի-ուշով հետեւում են, թե ինչ քաղաքական հայտարարություններ կհնչեն ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում, այդ կառույցն ինչ լուծումներ կառաջարկի, ինչպես կարձագանքի տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

Վերլուծաբանների մի մասը Նազարբաեւի այցի չեղարկումը կապում է գագաթաժողովում ընդունվելիք ամփոփիչ հայտարարության հետ. իբր՝ հայտարարության տեքստում Բաքվի համար տհաճ ձեւակերպումներ են լինելու ապրիլյան պատերազմի կապակցությամբ, եւ Նազարբաեւը չի ուզում նեղացնել Ալիեւին՝ ստորագրելով այդ փաստաթուղթը։

-Նազարբաեւի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնի է։ Պարզ է, որ նա թրքամետ գործիչ է, եւ այդ հակամարտության մեջ ավելի մտահոգված է Ադրբեջանի, քան ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրի՝ Հայաստանի շահերով։

Այդ տեսակետից, շատ էլ կարեւոր չէ, թե ինչ պատճառով չի մասնակցում գագաթաժողովին. փաստն այն է, որ չի մասնակցում, եւ անկախ դրա իրական կամ ցուցադրական պատճառներից, չմասնակցելով՝ լուրջ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի հեղինակությանը եւ ամրապնդմանը որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն։

-Այս օրերին մամուլում առավել հաճախ արծարծվող հարցերից մեկը հետեւյալն է. եթե երեւանյան գագաթաժողովում ընդունվելիք հայտարարության մեջ չափից ավելի կոշտ ձեւակերպումներ լինեն Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի երկրների, ընդհանրապես Արեւմուտքի «ոչ միանշանակ» դերակատարության վերաբերյալ, Հայաստանը չի՞ հայտնվի Արեմուտք-Ռուսաստան օրըստօրե սրվող հակասությունների կիզակետում։

-Նախ, եկեք ֆիքսենք, որ Հայաստանն ինքը շահեր ունի Սիրիայում, եւ այդ շահերին հետամուտ է լինելու՝ սիրիահայ մեր հայրենակիցների խնդիրները լուծելու համար պարտավոր է համագործակցել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ՆԱՏՕ-ի, ե՛ւ ցանկացած այլ երկրի հետ։

Ինչ վերաբերում է Արեւմուտք-Ռուսաստան հակասությունների թիրախ դառնալու սպառնալիքին, վստահ եմ, թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը ըմբռնումով են վերաբերվում Հայաստանի, չասեմ՝ չեզոքություն պահպանելու, բայց այդ հարցերում երկուսի հետ էլ համագործակցելու ցանկությանը։ Բոլորը հասկանում են՝ նախ, Հայաստանը մեծ պոտենցիալ չունի վճռական դերակատարում ունենալու, օրինակ, նույն սիրիական հակամարտության կարգավորման հարցում։

Երկրորդ՝ Հայաստանը ունի իր խնդիրները տարածաշրջանում, եւ այդ խնդիրներին հետամուտ լինելու համար ուղղակի «դատապարտված» է համագործակցելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ, եւ համագործակցում է՝ մեկի հետ մի քիչ ավելի շատ, մյուսի հետ՝ ավելի քիչ։ Եվ առ այսօր ե՛ւ պաշտոնական Վաշինգտոնը, ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թեհրանը, ե՛ւ ուժային մյուս կենտրոնները ընկալել եւ ընդունել են մեր դիրքորոշումը։

-Շատերին է հետաքրքրում՝ ո՞վ է ստանձնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդ համատեքստում շրջանառվում է, մասնավորապես, Վաղարշակ Հարությունյանի անունը։ Ի՞նչ գիտեք այդ մասին։

-Ընդհանրապես ռազմաքաղաքական նշանակումները գաղտնի են պահվում։ Բացի դրանից, նման քննարկումները սովորաբար երկար են տեւում, եւ կարող է մինչեւ վերջին պահը հստակեցված չլինի՝ ում առաջադրել, կամ որ երկիրն ում է տեսնում այդ պաշտոնում։ Ի վերջո, այստեղ հավաքվում են անդամ երկրների ղեկավարները, եւ դա պիտի լինի նրանց համատեղ որոշումը՝ տեղեկատվությունը ժամանակից շուտ հրապարակելու դեպքում դա կարող էր ընկալվել որպես պարտադրված թեկնածություն։

Ինչ վերաբերում է Վ.Հարությունյանին, կարծում եմ, նա կարող է ղեկավարել ցանկացած հեղինակավոր կազմակերպություն. նրա փորձը, գիտելիքները եւ անցած ճանապարհը տալիս են այդ հնարավորությունը։ Չեմ ուզում գուշակություններ անել՝ շատ բան կախված է նրանից, թե ինչ ռազմաքաղաքական խնդիրներ կդրվեն ՀԱՊԿ-ի առջեւ գագաթաժողովի արդյունքում։ Քաղաքական տեսանկյունից Վ.Հարությունյանը լավ թեկնածու է, բայց Հայաստանում կան էլի թեկնածուներ, եւ իրականում այստեղ ընտրության հնարավորություն կա։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հարցազրույցն` «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 14-ի համարից

Հետևեք մեզ նաև Telegram-ում