«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը հիանալի ներկայացել են Եվրոպայում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը հիանալի ներկայացել են Եվրոպայում

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ դեսպանությունները համատեղ` սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը կազմակերպել էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգները եվրոպական մի շարք քաղաքներում։ Համերգները նվիրված էին ՀՀ անկախության 25-ամյակին և կրում էին «Անկախության սերունդ» խորագիրը։ Երգչախումբը 9 համերգով հանդես է եկել Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում։ Նրանք երգել են այնպիսի համերգասրահներում և տաճարներում, ինչպիսիք են՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահը, Կոպենհագենի Աստվածամոր տաճարը, Բրյուսելի Սուրբ Միշել և Սուրբ Գուդուլայի տաճարը։

Հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը, որը նվիրված էր երգչախմբի եվրոպական համերգային շրջագայություններին, մասնակցում էին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամները և նրանց գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։ Երևանի քաղաքապետի տեղակալը շատ կարևորեց փոքրիկ երգիչների այս շրջագայությունը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին. «Այս համերգները շատ կարևոր էին, քանի որ սա այն քիչ հանդիպող դեպքերից է, որ Եվրոպայի այս կամ այն քաղաքում հանդես գալիս, մեր հիմնական հանդիսատեսը չի լինում հայկական սփյուռքը, այլ լինում են այն մարդիկ, ովքեր բացահայտում են մի նոր Հայաստան, տաղանդավոր երեխաների մի նոր սերունդ, որով մենք բոլորս հպարտ ենք։ Կարևորելով 25-ամյակին նվիրված այս միջոցառումները, ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված փայլուն համերգներ ունեցան»։

Սվետլանա Սահակյանը ասաց, որ շատ ուրախ է ստացված բոլոր այս արձագանքների համար, որոնք ստացվել են պատանի ստեղծագործական ներուժի և բոլորի կողմից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգների կապակցությամբ։ «Այն արձագանքները, որ մենք ստացել ենք ոչ միայն դեսպանություններից, այլև արտերկրի դիվանագիտական ներկայացուցիչներից, վառ վկայությունն են այն բանի, որ դուք հիանալի կերպով հանդես եք եկել և հպարտանալու առիթ եք տալիս մեզ»,-ասաց Սահակյանը։

«Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգներին ներկա են եղել արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, միջազգային պատվիրակություններ, արվեստագետներ և այլք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում