Տավուշի մարզում ավարտվեց «Հարսանիք լեռներում» հրաձգության մրցաշարը

Տավուշի մարզում ավարտվեց «Հարսանիք լեռներում» հրաձգության մրցաշարը

Արդեն երրորդ անգամ սահմանամերձ Տավուշի մարզում մեկնարկում է «Հարսանիք լեռներում» անունը ստացած հրաձգության մրցաշարը: Բերդում և Իջևանում մեծ հետաքրքրություն առաջացրած մրցույթն այս անգամ անցկացվում է Նոյեմբերյանի տարբեր բնակավայրերի դպրոցների բարձր դասարանի աշակերտների մասնակցությամբ:

Մրցույթի մասնակիցներին նույնիսկ անձրևն ու մառախուղը չեն խանգարում: Լավագույն հրաձիգի կոչմանն արժանանալու ցանկությունը շատ մեծ է: Կրակում են և տղաները, և աղջիկները:

Հակառակորդի ամենօրյա կրակահերթի տակ մեծացած աշակերտների համար լավ կրակելը պատվի հարց է: Եթե անհրաժեշտ լինի, զենքը ձեռքին թշնամու դեմ պատրաստ են նաև դպրոցականները կանգնել:

Մրցույթին զուգահեռ աշակերտներին նաև զենքի մասերին ու զենքը քանդել-հավաքելու կանոններին են ծանոթացնում: Այն, ինչը զինվորներն արդեն փակ աչքերով են անում: Դպրոցականների համար հատկապես նորություն են ջերմադիտակներն ու գիշերային տեսանելիության սարքերը:

Հրաձգության մրցույթի բոլոր մասնակիցները պատվոգրեր են ստանում, հաղթողները՝ նաև դրամական մրցանակներ: Ռազմագիտության դասերը գործնականում ավելի արդյունավետ դարձնելու համար էլ սահմանամերձ բոլոր դպրոցներն օդամղիչ հրացաններ են նվեր ստանում: Ի դեպ, մրցույթի հովանավորը բարերար Հովհաննես Սահակյանն է: Նա պարգևատրվում է հայկական զինված ուժերի ՙՄարշալ Բաղրամյան՚ մեդալով: Մրցաշարը շարունակական է լինելու, հաջորդ տարի այն կանցկացվի Հայաստանի մյուս մարզերում և Արցախում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում