IDeA հիմնադրամը սիրիահայերին աջակցելու համար հատկացնում է 250 հազար դոլար

IDeA հիմնադրամը սիրիահայերին աջակցելու համար հատկացնում է 250 հազար դոլար

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հայտարարել է սիրահայերին աջակցելուն ուղղված նախաձեռնության մասին: Հիմնդրամի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին հիմնադրամի կոչին: Մենք գնահատում ենք անհատների, հասարակական կազմակերպությունների, պետության եւ եկեղեցու ջանքերը` սատարելու Սիրիայի մեր հայրենակիցներին, որոնք ապրում են ռազմական հակամարտության պայմաններում:

Հուսով ենք, որ սիրիահայերին աջակցելուն ուղղված ազգային համախմբման գործընթացը կշարունակի թափ առնել եւ նպաստել հայկական համայնքի իրական իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածմանը:

Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է, այնտեղ ապրող հայերի իրադրությունը բարդանում է՝ տարաբնույթ գործընթացների, դիրքորոշումների եւ շահերի պատճառով: Մենք մեր հայրենակիցների փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:

IDeA հիմնադրամը միանում է պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում ձեռնարկված ջանքերին՝ այս փուլում հատկացնելով $250.000: Այն կբաշխվի հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին ուղղված նախագծեր իրականացնող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (Mission Armenia), «Հալէպ» բարեգործական հասարակական կազմակերպության, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia): Նվիրատվությունը կուղղվի ծրագրերի մշակմանը եւ իրագործմանը՝ հետեւյալ ուղղություններով.

-աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ),

-աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս («Առաքելություն Հայաստան» ՀԿ),

-աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ» ՀԿ),

-աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Վերադարձ Հայաստան» հիմնադրամ):

Միջոցները բաշխվելու են՝ ըստ յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության:

Մենք գիտակցում ենք Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը: Մենք լիահույս ենք, որ մեզ համար ցանկալի այս համախմբումը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը եւ նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»:

Յուրաքանչյուր մարդ եւ կազմակերպություն կարող է միանալ այս նախաձեռնությանը՝ աջակցելով վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ կամ IDeA հիմնադրամի միջոցով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում