Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Նազարեթյանի հետ

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Նազարեթյանի հետ

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Նազարեթյանի հետ և քննարկել մարզաձևի զարգացման հեռանկարներին և նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղիներին վերաբերող հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարն իր գոհունակությունն է հայտնել ֆուտզալի զարգացման, մարզաձևի օրեցօր աճող մասսայականության կապակցությամբ: «Ֆուտզալ բիզնես լիգայի» կազմակերպած մրցաշարերը խթան են սպորտի մասսայականացման համար: Գիտեմ, որ օրեցօր ավելանում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված թիմերը: Դա նշանակում է, որ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են զբաղվում այդ մարզաձևով: Մեր նախարարությունն իր լիազորությունների սահմաններում պատրաստ է աջակցել մարզաձևի զարգացմանը և ավելի մասսա յականացմանը»,- ասել է նախարարը:

Ռոստոմյանը խոսել է նաև նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ մանկապատանեկան սպորտի մասին: «Սա այն մարզաձևն է, որով սկսում են զբաղվել ամենափոքր տարիքից: Ֆուտբոլ խաղում են բոլորը, երբ իջնում են բակ: Պետք է կարողանանք նրանց բակերից տեղափոխել մարզադպրոց»,- նշել է նա:

Ռուբեն Նազարեթյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Մենք մրցումներ ենք կազմակերպում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, մասնավորապես՝ Շիրակում: Եթե կարողանանք լուծել մրցավարների և դահլիճի խնդիրը, ապա մրցաշար կկազմակերպենք նաև Արցախում»,- տեղեկացրել է Նազարեթյանը: Նրա խոսքով՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի» խաղացողների վարպետությունը բավականին բարձր է, և լիգայի մրցաշարերում ի հայտ են գալիս նույնիսկ Հայաստանի հավաքականի թեկնածուներ:

Հանդիպման ավարտին նախարար Հ. Ռոստոմյանը և «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի նախագահ Ռ. Նազարեթյանը ստորագրել են հուշագիր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ֆուտզալ բիզնես լիգա» ՀԿ-ի միջև համագործակցության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում