Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում դեֆոլտի վտանգ չի տեսնում

Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում դեֆոլտի վտանգ չի տեսնում

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում դեֆոլտի վտանգ չի տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարն, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կանգնած է դեֆոլտի վտանգի առջև, ընդգծեց, որ տարիներ շարունակ նման շահարկումներ եղել են: «Մենք դեֆոլտի խնդիր չունենք: Իհարկե, եթե մենք ճիշտ ռազմավարություն չտանենք, տարիների ընթացքում կարող ենք նման խնդրի առջև կանգնել: Բայց այս պահին նման վտանգ չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե Հայաստանի արտաքին պարտքի բեռը մեծացել է, պատգամավորն ասաց, որ արտաքին պարտքը թույլատրելիի սահմաններում է: «Դուք կարող եք տարածաշրջանի երկրների հետ համեմատության մեջ նայել և կտեսնեք, որ թույլատրելիի սահմաններում է մեր պարտքը: Իհարկե, մենք պետք է կարողանանք այնպիսի ծրագրեր ներկայացնել, այնպիսի մոտեցումներ ցուցաբերել, որ ապագայում կարողանանք թեթևացնել արտաքին բեռը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ դեֆոլտի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը կարո՞ղ է բացասական հետևանքներ ունենալ ներդրումների ներգրավման աշխատանքների վրա, Բաղդասարյանը պատասխանեց. «Իհարկե, տարբեր երևույթներ իրենց ազդեցությունն ունենում են, բայց այն արտաքին քաղաքականությունը, որը մենք տանում ենք, այն բացատրական աշխատանքները, որոնք իրականացնում ենք, դրական մթնոլորտ են ստեղծում: Բացի այդ, ունենք նոր կառավարություն, նոր ծրագրեր, նոր սպասելիքներ: Նաև համապատասխան նախարարության անունն է փոխվել, ավելի շատ է սևեռվել ներդրումների վրա, և ես կարծում եմ, որ այս ամենի արդյունքը երևալու է: Բայց եկեք ժամանակից առաջ չընկնենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում