Աստղաձորի տարածքում կանգնեցվեցին եւ ամրացվեցին 7 խաչքար

Աստղաձորի տարածքում կանգնեցվեցին եւ ամրացվեցին 7 խաչքար

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ եւ գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի աջակցությամբ Աստղաձոր համայնքում, «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում, իրականացվեցին 9-11-րդ դարերի գերեզմանոց-հուշարձանի տարածքի ընկած խաչքարերի կանգնեցման, ամրացման եւ տեղանքի բարեկարգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, Աստղաձորի արեւմտյան եզրին գտնվող պատմական գերեզմանոցի տարածքում ընկած խաչքարերը գրեթե հողածածկվել էին, եւ դրանք կանգնեցնելու և ամրացնելու կարիք էր զգացվում: «Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների եւ համայնքի բնակիչների համատեղ ջանքերով բարձրացվել, կանգնեցվել եւ իրենց տեղերում ամրակայվել են յոթ խաչքար: Աշխատանքներին իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Գեղարքունիքի եւ Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը: Այս պատմական գերեզմանոցից 150 մետր դեպի հյուսիս նման հողածածկ ու ընկած վիճակում են գտնվում եւս 8 խաչքար, որոնք գյուղապետարանի հետ համատեղ նախատես ել ենք կանգնեցնել ու ամրակայել եկող տարվա ապրիլին: Մեր մարզում կա ավելի քան 3650 խաչքար, որոնցից մի քանի հարյուրը կանգուն չեն: Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությունը մտադիր է համայնքների հետ համագործակցությամբ շարունակել եւ ավարտին հասցնել այս աշխատանքները»,-նշեց Գոռ Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում