Իրանը պաշտպանել է ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսելը

Իրանը պաշտպանել է ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսելը

Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին դրական է գնահատել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մոսուլը 2014 թվականից մնում է ԻՊ-ի գլխավոր հենարանը: Իրաքի զինվորականները եւ նրանց դաշնակիցները, այդ թվում՝ ժողովրդական աշխարհազորը, վերջին ժամանակներս նախապատրաստվում էին վճռական հարձակման: Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսելու մասին:

Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությանը մասնակցող ցամաքային ստորաբաժանումների անձնակազմի թվաքանակը գերազանցում Է 60 հազարը: Նրանց աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան, կառավարական օդուժը, ինչպես նաեւ հրետանին

«Այն, որ ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման եւ այդ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործողությունն սկսվել է ու շարունակվում է ամենայն լրջությամբ… դրական նորություն է»,- Քասեմիի խոսքը մեջբերել է IRIB գործակալությունը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ իրաքյան բանակին կհաջողվի երկիրը մաքրել ահաբեկիչներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում