ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները քննարկում են ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները քննարկում են ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 117 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հոկտեմբերի 17-ի նիստում խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը: Նախագծով առաջարկվում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը տալ մրցութային կարգով՝ հաշվի առնելով ընտրվող կազմակերպության փորձը, առաջարկվող ծրագիրը, նախատեսվող ներդրումների ծավալը, միջազգային փորձի հաշվառումը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը և այլն:

Այնուհետև երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Թափոնների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանն այնուհետև սկսել է քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը պայմանավորված է քաղաքական համաձայնությամբ: Հոկտեմբերի 17-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում և կշարունակվի հոկտեմբերի 18-ի նիստի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում