Գերագույն ռադան որոշել է նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը

Գերագույն ռադան հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Որոշման օգտին քվեարկել է 240 խորհրդարանական: Ինչպես հայտնի է դարձել AnalitikaUA.net-ին, որոշման նախագծ ի հեղինակը ՈՒկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին է:

Ընդունված փաստաթղթի տեքստում նշվում է, որ 1945 թվականին Արեւմտյան Ուկրաինայում սկսվել Է արեւելյան կաթոլիկ եկեղեցիների համատարած վերացումը: Հայ կաթոլիկ եկեղեցին դրանցից առաջինների թվում էր: Պատմական աղբյուրների տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի միաբանության վերացման վերջնական ամսաթիվ են համարում 1946 թվականի հոկտեմբերի 25-ը:

«Պատմական հիշողությունը պահպանելու եւ Ուկրաինայի Սահմանադրությամբ հռչակված դավանանքի ազատության սկզբունքները եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հաստատելու, կրոնական եւ Էթնիկական հատկանիշով ցանկացած հետապնդում դատապարտելու նպատակով Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում Է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը»,- ասված է որոշման տեքստում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում