Ինչպե՞ս է որոշվելու սուտ մատնության դիտավորյալ կամ պատահաբար լինելու հանգամանքը

Շնորհավորում եմ բոլորիս նոր ընտրական օրենսգրքի առիթով ու հատկապես շնորհավորում եմ ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներին: Այսուհետև նրանք կազատվեն վստահված անձանց կազմած արձանագրություններին միջամտելու տաղտկալի պրոցեսից: Այլևս որևէ վիճաբանության անհրաժեշտություն չի լինի: Բավական կլինի միայն արձանագրություն կազմողի կամ ահազանգողի ականջին շշնջալ, որ դրանից սուտ մատնության հոտ է գալիս և վերջ:

Այդ սուտ մատնություն կոչվածն այնքան լայն ու սուբյեկտիվ հասկացություն է, որ ցանկացած ահազանգ կարելի է տեղավորել այդ հոդվածի շրջանակներում ու բողոքողին երկուսից հինգ տարով ուղարկել վաստակած հանգստի: Իհարկե հանուն արդարության պետք է նշել, որ նոր ընտրական օրենսգիրքն իր մեջ պարունակում է նաև մարդասիրական դրույթներ ու ներողամտություն ցուցաբերող երանգներ:

Օրինակ, եթե Պողոսի ահազանգը դիտավորյալ սուտ մատնություն է, նա կդատապարվի մինչև հինգ տարի ազատազրկման, իսկ եթե Պետրոսը պատահաբար է այդ սուտ մատնությունն արել, ասելով. ներող, միամիտ ստացվեց, ապա կկրի համեմատաբար մեղմ պատիժ, ինչ-որ խղճուկ մի երկու տարի: Անշուշտ պատժամիջոցները կարող են փոխարինվել խոշոր տուգանքներով, բայց դրանից տրամաբանությունը չի փոխվում:

Իսկ ինչպե՞ս է որոշվելու սուտ մատնության դիտավորյալ կամ պատահաբար լինելու հանգամանքը: Կարծում եմ, այդ հարցին կդժվարանան պատասխանել նույնիսկ ամենահմուտ իրավաբանները: Սակայն խոշոր հաշվով իրավաբանների կարիք չի էլ լինի: Այն անձը, որն ինչպես ասում են, երկու ոտքը կդնի մի կոշիկի մեջ ու կցանկանա իր էշը առաջ տանել, նրան կտրվի երկարատև ժամանակ` սխալը հասկանալու համար: Իսկ նա, ով տեղում հասկանա իր սխալը, գլուխը կախի ու ամոթից կարմրելով հայցի ներողամտություն, ապա, ինչ խոսք, կներվի: Ինչպես ասում են, կեցցե մեր դատարանը, աշխարհի ամենամարդկային դատարանը:

Ըստ էության, առաջին անգամ Ընտրական օրենսգրքում ամրագրվեց մի դրույթ, որը ոչ թե ունի ընտրախախտումները, այլ ընտրախախտումների դեմ պայքարը կանխարգելող բնույթ: Նման պարագայում առաջին հայացքից ամենազարմանալին ընդդիմության պահվածքն է: Իշխանության համար խոշոր հաշվով մեկ էր նման դրույթ կամրագրվի օրենսգրքում, թե` ոչ: Դա միայն մի փոքր կհեշտացնի նրանց գործը` ազատելով ավելորդ թղթաբանությունից և ոչինչ ավելին:

Առ այս պահը դժվար է հիշել դեպք, երբ իշխանության համակիրը ահազանգած լինի` մատնանշելով ընդդիմության կողմից կատարվող ընտրախախտումները: Այդ ընդդիմության վստահված անձիք ու համակիրներն են տարիներ շարունակ զբաղվել «սուտ մատնությամբ», նրանք են մշտապես դժգոհել իշխանությունների կողմից իրականացվող ընտրախախտումներից:

Այս առումով իշխանություններն ինչպես միշտ շահում են: Իսկ ի՞նչ է շահում ընդդիմությունը` քվեարկելով նաև այս դրույթի օգտին: Առաջին հայացքից թվում է ոչինչ: Ո՞վ կցանկանա ընտրական հանձնաժողովում օրենսդրության ուժ ունեցող դամոկլյան սուրը գլխավերևում կախված, ներկայացնել ընդդիմության շահերը:

Բայց այստեղ առանձնապես մտահոգվելու խնդիր չկա: Նախ ընդդիմությունը երբեք չի ունեցել այնքան ռեսուրս, որ կարողանա ծածկել բոլոր տեղամասերը, բացի այդ երբևէ վստահված անձինք և ոչ մի իշխանությունների օրոք բացի աղմուկ բարձրացնելուց ուրիշ որևէ արդյունքի չեն հասել: Այնպես որ, հանգիստ կարելի է յոլա գնալ առանց աղմուկ աղաղակի ու ԱԺ դահլիճից դուրս գալ հաղթանակի դափնեպսակով, շնորհավորանքներ հղելով հանրությանը:

Սա էլ ըստ էության իշխանություն ընդդիմություն կոնսեսուսն էր ընտրական օրենսգքրի շուրջ: Մեկը զրկում է մյուսին խոսելու հնարավորությունից, փոխարենը տալով ընտրացուցակ, որն այլևս չունի այն նշանակությունը, ինչը ուներ նախկինում և այդ ստորագրված ցուցակների հրապարակումը համարել ընդդիմության ահռելի ձեռք բերում, կարծում եմ, տեղին չէ:

Իսկ թե այս կոնսեսուսի արդյունքում շոշափելի ինչ ձեռք բերում կունենա ընդդիմությունը, կերևա 2017 թվականին:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում