«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը հույսը չի կտրել

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկությունից հետո հաճախ կարելի է տեսնել Երևանի փողոցներում՝ ընկերների կամ թոռների հետ զբոսնելիս։ Բայց լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ նա այդքան խաղաղված չէ, որքան ցուցադրում է։ Ասում են` հանդիպում է որոշ մարզպետների, համայնքապետերի, բիզնեսմենների հետ, քննարկում առաջիկա ընտրությունների հարցը։ Տեղեկություններ կան, որ նախկին վարչապետի մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է, որոշ աշխատանք է տանում ԲՀԿ-ն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, աշխատում է երկու «ֆրոնտով», անգամ իր երբեմնի հակառակորդների հետ է հաշտեցման քայլեր նախաձեռնում։

Նա հույսը չի կտրել, որ ՀՀԿ-ն ստիպված է լինելու դիմել իրեն նախընտրական շտաբը ղեկավարելու խնդրանքով, անգամ եթե շտաբի պետի դերը պաշտոնապես ստանձնի Սերժ Սարգսյանը։ Նաև Արգամիչի համառ ջանքերի արդյունքում է օրակարգից դուրս եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը։ Իսկ եթե նորից մտնի, հնարավոր է հանձնվի նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին։ Այս առումով շատ դժգոհ են Ավշարի սեփականատերերը․ բնապահպանության նախարարի աթոռից զրկված Արամայիս Գրիգորյանը հատկապես նեղված է ՀՅԴ-ից, որ Արծվիկ Մինասյանին նստեցրին իր աթոռին, իսկ իր մարզպետ դառնալը մնաց օդում կախված»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում