Ի՞նչ կարևոր է ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը

Սխալվել կարող են բոլորը, բայց կան ոլորտներ, որոնց սխալը կարող է ոչ միայն սոսկ տհաճություն պատճառել, այլ նաև հանգեցնել լուրջ հետևանքների: Իսկ երբ սխալը կրկնվում է որոշ պարբերությամբ, դա արդեն վկայում է տվյալ բնագավառի ոչ ճիշտ ղեկավարման մասին:

Տվյալ պահին խոսքը վերաբերում է Ուկրաինական քաղավիացիայի պատասխանատուներին: Տվյալ ոլորտը ղեկավարողներին պետք է հիշեցնել, որ մարդիկ անշունչ առարկաներ չեն ու երբ աշխատում ես բազմահազարանոց մարդկանց հետ, ապա պատասխանատվության զգացումդ պետք է եռակի անգամ բարձր լինի, քան մյուս ոլորտի ծառայողներինը:

Մամուլից տեղեկացանք, որ ուկրաինական իշխանությունները երեկ Կիև-Մինսկ թռչող ինքնաթիռին հրահանգել են անմիջապես ետ վերադառնալ, սպառնալով հրամանը չկատարելու դեպքում օդ բարձրացնել կործանիչներ: Պատճառը՝ իբր ինքնաթիռում կա հետախուզման մեջ գտնվող հանցագործ, թեպետ հետագայում պարզվել է, որ այդ «հանցագործը» ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն է, որից ներողություն են խնդրել սխալի համար ու ազատ արձակել:

Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ մեր համաքաղաքացին իրոք հանցագործ էր ու իրոք գտնվում էր հետախուզման մեջ: Միթե՞ սա այն դեպքն էր, որի համար արժեր օդ բարձրացնել կործանիչներ: Սովորաբար քաղաքացիական ինքնաթիռի դեմ կործանիչներ են բարձրացնում, երբ ինքնաթիռում լինում են ահաբեկիչներ ու ովքեր սպառնում են ինքնաթիռը զենքի վերածելով մասսայական ահաբեկչություն իրականացնել: Իսկ այս պարագայում միթե՞ ավելի քաղաքակիրթ չէր լինի պարզապես կապնվել Մինսկի հետ ու նրան հաղորդել ինքնաթիռում գտնվող հանցագործի մասին, որին էլ կձերբակալեին Բելառուսի իրավապահ մարմինները:

Եթե իրոք ուկրաինական իշխանությունները մեկ հանցագործի համար պատրաստ էին օդ բարձրացնել կործանիչներ, առանց հաշվի առնելու, որ ինքնաթիռում գտնվում են 136 ուղևորներ ու անձնակազմի 6 անդամներ, ապա մեղմ ասած դա չի խոսում այդ իշխանությունների մարդակենտրոն մոտեցման մասին: Եթե այդ իշխանությունները, նույնիսկ իրական հանցագործ վնասազերծելու համար պատրաստ են վտանգի ենթարկել 142 անմեղ մարդու, ապա իմ կարծիքով սա այն իշխանությունները չեն, հանուն որի թափվեց այդքան արյուն:

Իհարկե կարող են հակադարձել, որ արյունը թափվել է ոչ թե հանուն իշխանությունների, այլ հանուն ազատության, սակայն եթե այդ ազատությունը մարմնավորում են մարդկային կյանքը չարժևորող ղեկավարները, դրանով այդ ազատությունը դարձնում են խոցելի:

Բայց կա մի հանգամանք, որը մի շարք կասկածների տեղիք է տալիս: Ինչու՞ այդ թյուրիմացությունը պատահեց ոչ թե Պյոտոր Պյոտորովիչի, այլ հենց Արմեն Մարտիրոսյանի հետ: Հարցն առաջին հայացքից ծիծաղելի է հնչում, քանի որ ըստ հաղորդագրության իրավապահ մարմինները Մարտիրոսյանին են շփոթել իրական հետախուզվողի հետ, այլ ոչ Պյոտորովիչին:

Սակայն շատ տարօրինակ զուգադիպությամբ, պարզվում է, որ Արմեն Մարտիրոսյանը հայտնի լրագրող է, բլոգեր, անտիմայդանի հայտնի ակտիվիստ և «ուկրաինա.ռու» խմբագրության հեղինակը, որը մտնում է Դմիտրի Կիսելյովի «Ռուսաստանն այսօր» գործակալության կազմում:

Սա արդեն կարող է իրոք հանցագործություն թվալ ուկրաինական իշխանությունների աչքին: Ցավոք ինչպես հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ ուկրաինայում չկան պարզապես քաղաքական հակառակորդներ: Կան միայն թշնամիներ մայդանիստի ու հակամայդանիստի տեսքով: Մայդանիստի համար հակամայդանիստը ազգի դավաճան է, իսկ հակամայդանիստի համար մայդանիստը ռուսական պետության հիմքերը խարխլող գործակալ: Բայց ինչևէ, դա իրենց ներքին խնդիրն է:

Մեզ համար կարևորը մեր քաղաքացին է, անկախ նրա քաղաքական հայացքներից: Մեզ անհանգստացնողն այն է, որ չգիտես ինչու նման թյուրիմացություններ կատարվում են հատկապես մեր քաղաքացիների հետ: Հավանաբար կհիշեք, որ 2013 թվականին, ՀՀ քաղաքացի 22 ամյա Ասատուր Խաչատրյանը մեկնել էր Կիև և Կիևի օդանավակայանում նրան ինչ որ փաստաթղթերի հետ կապված սխալի պատճառով, արգելել էին մուտք գործել Ուկրաինա: Արդյունքում Կիևից Երևան ուղարկելու փոխարեն, շփոթելով թռիչքի համարը, ուղարկել էին Բաքու: Բարեբախտաբար Ասատուրը անվնաս վերադարձավ հայրենիք, ինչին հետևեց Կիևից որպես փոխհատուցում՝ անհեթեթ առաջարկը: Անհեթեթությունն այն հայտարարությունն էր, որ Կիևը որպես փոխհատուցում պատրաստ է թույլատրել Ասատուրի մուտքը Ուկրաինա: Եթե կարող էիք ընդունել, ապա պարտադիր է՞ր տղային նախ Բաքու ուղարկելը:

Ինչևէ եթե աստիճանաբար Կիև գնալը մեր քաղաքացիների համար սկսում է վերածվել արկածախնդրության, ապա գուցե առհասարակ հրաժարվե՞նք Կիև մեկնելուց: Վերջապես ի՞նչ կարևոր է ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում