Հայաստանը փորձեց իրեն դիրքավորել գլոբալ տնտեսական համակարգում

Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով»-ի կարևորությունն այն է, որ Հայաստանը փորձեց իրեն դիրքավորել գլոբալ տնտեսական համակարգում`ներկայացնելով որպես կամուրջ դեպի հիմնական շուկաներ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

«Գլոբալ տնտեսական համակարգում Հայաստանի դիրքավորվելու գաղափարը բավական ընդունելի եղավ թե Սփյուռքի, թե գործարար միջավայրի կողմից, ինչը կարևոր է: Համաժողովի ամբողջ ընթացքում` սկսած նախագահի ելույթից, վերջացրած ներդրումային ծրագրերով, հաջողված փորձը ներկայացնելով, բավական տրամաբանական կապ կար: Ինչը չկար 2001 թվականին, երբ առաջին անգամ Հայաստանի տնտեսական հնարավորությունները ներկայացնում էինք ներդրումային հանրությանը: Պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ առաջին փորձն էր, այս անգամ ավելի հստակ էր, կար մեսիջ, կար համապատասխան ուղղվածություն»,– ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Ինչ վերաբերում է նյույորքյան համաժողովից սպասվող արդյունքներին, ապա Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ շատ բան կախված կլինի, թե որքանով ներկայացված գաղափարը կշարունակի առաջ տարվել: Ըստ նրա` համաժողովն առաջին կետն էր, դրանից հետո անհրաժեշտ են ճյուղային ներդրումային ծրագրերի առանձին տեղերում ներկայացում և այլ շարունակական քայլեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում