Նոր ծրագրեր և գաղափարներ։ Ավարտվել է հայկական մեդիաների ղեկավարների այցն Ուկրաինա

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի մի շարք լրատվամիջոցների ղեկավարների խմբի հետ միասին Ուկրաինա մեկնելու և այնտեղ մասնագիտական կապեր ստեղծելու պատիվ եմ ունեցել։ Պատվիրակության կազմը, ինչպես նաև հրավիրող կողմերի կազմած ծրագիրը ոչ մի կասկած չէին թողնում՝ սա լինելու էր չափազանց հետաքրքիր և արդյունավետ ճամփորդություն։ Մեր մեկնելուց դեռևս մի քանի օր առաջ Երևանում հանդիպել էինք Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։ Վերջինս մանրամասն ներկայացրել էր, թե ինչ ակնկալիքներ ունի մեր այցից, պատմել Ուկրաինայում ձևավորված սպասելիքների մասին, հստակեցրել մեզ հետաքրքրող թեմաների և հանդիպումների շրջանակն ու խոստացել, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ցանկանում ենք։ Այդ իսկ պատճառոով որոշակի անհամբերությամբ էի սպասում մեկնելուն։ Մտերիմ ընկերներ, ծանոթ և մեզ համար քաղաքական առումով կարևոր երկիր, խոստումնալից հանդիպումներ… Ամեն ինչ տրամադրում էր դեպի լավն ու բարին։

Հրավիրող կողմերը երեքն էին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը, Լվովի քաղաքային իշխանություններն ու Ուկրաինայի միջազգային ավիաուղիները։ Ուկրաինական կողմի հետաքրքրությունները պարզ էին՝ նրանք ցանկանում են որոշակի զարկ տալ հայ֊ուկրաինական մշակութային, քաղաքական և գործարար կապերին։ Ուշադրության կենտրոնում հատկապես զբոսաշրջության զարգացման հնարավորություններն են։ Լվովում և հարակից բնակավայրերում հայկական հսկա ժառանգություն կա, այնտեղ բարելավվել և ստեղծվել են տուրիստական նոր ենթակառուցվածքներ և, բնական է, որ մարզի ղեկավարությունը ցանկանում է հայերի ուշադրությունը հրավիրել դեպի իրենց տարածաշրջան։ Ուկրաինա մեր այցի ընթացքում Լվովի մարզային իշխանությունները մեզ ծանոթացրել են առավել հետաքրքրաշարժ տուրիստական ուղղությունների, այնտեղ գտնվող տեսարժան վայրերի ու հյուրանոցային համալիրների հնարավորություններին։ Այնտեղ մենք հանդիպեցինք Լվովի մարզպետ Օլեգ Սինյուկայի, Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի, Տրուսկավեցի քաղաքապետ Անդրեյ Կուլչինսկու և այլ պաշտոնյաների հետ։ Բոլոր այս հանդիպումների մասին, իհարկե, առավել մանրամասն կպատմեմ։ Հիմա դեռ ցանկանում եմ նշել, որ բոլորն էլ պատրաստակամ են հնարավորինս աջակցել հայ֊ուկրաինական գործարար կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Այսինքն, այս առումով, այնտեղ, կարծես թե, բավական հետաքրքիր հեռանկարներ կան։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, բնականաբար, այլ առաջնահերթություններ ու ծրագրեր ուներ։ Մեր այցի հենց առաջին օրը Կիևի InterContinental հյուրանոցում կազմակերպվել էր երկու կարևոր հանդիպում՝ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչների և առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Չգիտեմ ինչպես, բայց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին հաջողվել էր այնպիսի անմիջական միջավայր ստեղծել, որտեղ անգամ ուկրաինացի դիվանագետները, մի կողմ թողնելով իրենց պաշտոնին վայել զգուշավորությունն ու խոսքի խստությունը, հանգիստ խոսում էին իրենց երկրի առջև ծառացած մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների ու ընդհանրապես Սև ծովի ավազանում և Կովկասում ընթացող քաղաքական գործընթացների իրենց ընկալման ու պատկերացումների մասին։ Միանգամից պետք է նշել, որ Ուկրաինայի ԱԳՆ-ում չափազանց կենտրոնացած են իրենց երկրում ընթացող հակամարտությանը վերաբերող խնդիրների վրա։ Դա բնական է։ Բայց հարակից տարածաշրջաններն այնտեղ, կարծես, իսպառ մոռացել են, և դա արդեն դժվար է հասկանալ։ Եվրոպական դեպարտամենտի ղեկավար Յուրիյ Մուշկան իր խոսքում նշեց, որ Հայաստանի հետ հարաբերվելու քաղաքական և տնտեսական հնարավորությունը կարող է շատ մեծ լինել։ Նա հատկապես կարևոր նշանակություն էր տալիս մեր տարածաշրջանի տարանցիկ հնարավորություններին, խոսում էր այդ նախագծերում Հայաստանի ներգրավվման անհրաժեշտության, Հայաստան-Իրան տնտեսական կամուրջ ստեղծելու և այլ պոտենցիալ ծրագրերի մասին, սակայն, եթե անկեղծ, նրա շուրթերում բոլոր այդ խոսքերն անիրատեսական էին թվում։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու։

Ավելի հետաքրքիր էին հետխորհրդային տարածաշրջանում ընթացող հակամարտությունների մասին ուկրաինացի դիվանագետների գնահատականները։ Ակնհայտ է, որ պաշտոնական Կիևը, ելնելով Դոնեցկում և Լուգանսկում ընթացող պատերազմային իրավիճակից, բոլոր այդ հակամարտությունները տարբերակելու և յուրաքանչյուրի առանձնահատկությունը հասկանալու անհրաժեշտություն է զգացել։ Այսպես, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նրանք այլևս հստակ փաստում են Արցախի՝ պատմականորեն հայկական լինելը։ Բայց նաև նշում են, որ այստեղ խնդիրները, իրենց ըմբռնմամբ, ավելի շատ միջազգային իրավունքի դաշտում են։ Ուկրաինայում կարծում են, որ պատմական և իրավական հասկացությունների վեճին հնարավոր է լուծում գտնել։ Համենայն դեպս՝ ադրբեջանական մաքսիմալիզմն այնտեղ այլևս միանշանակ չի ընդունվում և դա աշխատանքի լայն դաշտ է բացում հայ դիվանագիտության համար։

Կիևում կայացած մեր երկրորդ հանդիպումը, ինչպես արդեն նշեցի, ուկրաինական լրատվամիջոցների ղեկավարաների հետ էր։ Հայաստանից եկած պատվիրակության հետ ծանոթանալու և համատեղ աշխատելու հնարավորություններ որոնելու նպատակով InterContinental հյուրանոց էին եկել Ուկրաինայի ավելի քան երկու տասնյակ մեդիաների ներկայացուցիչներ։ Այստեղ էին «Перший канал»-ի, «ICTV»-ի, «Inter Media Group»-ի, «1+1 Медиа»-ի, «112 Украина»-ի, «Segodnia.ua»-ի և շատ ուրիշ հայտնի լրատվամիջոցների խմբագրեր, տնօրեններ, զարգացման մենեջերներ և այլն։ ՈՒկրաինացիներն անգամ նշում էին, որ այդպիսի հանդիպում՝ ոչ միայն հայ գործընկերների հետ, այլև միմյանց միջև, առաջին անգամն է կայանում ուկրաինայում։ «ICTV» հեղինակավոր հեռուստաալիքի տնօրեն Ալեկսանդր Բոգուցկին անգամ կատակեց, որ հայկական կոնյակը հաշտեցրել է «Inter» և «1+1» հեռուստաընկերություններին։

Հայկական կողմից ներկայացված էին Հանրային հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն, ARKA գործակալությունը, Blognews.am, Times.am, Voskanapat.info կայքերը, Radio Van-ը և ուրիշներ։

Ասել միայն, որ ուկրաինական լրատվականների հետ հանդիպումն արդյունավետ է անցել, նշանակում է ոչինչ չասել։ Իրականում, ավելի քան երեք ժամ տևած քննարկումները, որոնց մի մասն էլ անցել են ճաշի սեղանի շուրջ, համագործակցության բավական հետաքրքիր կամուրջներ են ստեղծել երկու երկրների լրատվամիջոցների համար։ Այստեղ քննարկվել է գրեթե ամեն ինչ՝ համատեղ ծրագրերից սկսած, մինչ տեղեկատվական հոսքերի ստեղծում, փոխանակում, տարածում և այլն։ Կիևում մենք որոշեցինք հրաժարվել «միջնորդ» երկրների կամ լրատվամիջոցների ծառայություններից և երկու երկրների առօրեային վերաբերող խնդիրների դեպքում աշխատել միասին։ Լավ է, այս հարցում մենք ունենք Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի լիարժեք աջակցությունը։ Վերջինս, առանց ավելնորդ չափազանցությունների, ուկրաինական լրատվամիջոցների լավագույն և սիրելի ընկերներից մեկն է։ Կիևում մենք դա տեսանք անզեն աչքով։ Ակնհայտ է, որ այս ոլորտում ՀՀ դեսպանատունն առավելագույն արդյունքների է հասել, ինչը չէր կարող չուրախացնել հայկական պատվիրակության մեջ ընդգրված ադամներից յուրաքանչյուրին։

 

Լվով
Ուկրաինա այցի երկրորդ օրը մենք դիմավորցինք այդ երկրի արևմտյան մայրաքաղաք Լվովում։ XIII դարում հիմնադրված այս քաղաքի պատմության հենց առաջին էջերը կապված են հայ ժողովրդի ստեղծարար գործունեության հետ։ Այստեղ հայկական հսկայական ժառանգություն կա, որի թագն ու պսակը, անկասկած, Լվովի Սուրբ Աստվածածնի վերափոխման տաճարն է։ Եկեղեցին քաղաքի բնակիչների համար հոգևոր յուրահատուկ նշանակություն ունի։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը պատմեց, որ հաճախ է երեխաների հետ այցելում հայկական տաճար։ «Այնտեղ այլ մթնոլորտ է։ Սուրբ վայր է։ Լվովում հնչած ամենաշատ աղոթքներն այդտեղից են վեր հառնել», – եկեղեցու հանդեպ անթաքույց սիրով պատմում էր քաղաքապետը։ Իսկ Լվովի բնակչուհիներից մեկն ասեց, որ լվովցիները եկեղեցին «Армянка» են կոչում։

XIII դարի այս կոթողն իրապես չքնաղ է։ Այստեղ պահպանված խճանկարները, խաչքարերն ու ճարտարապետությունը գերում են եկեղեցու բոլոր այցելուներին։ Տաճարը մշտապես բազմամարդ է։ Այստեղ գալիս են ոչ միայն տեղի հայերը, այլև ուկրաինացիներն ու Լվով այցելող զբոսաշրջիկները։ Երբ մենք եկանք եկեղեցի, այն կրկին լեցուն էր։

Սուրբ Աստվածածնում մեզ դիմավորեց Արմեն սարկավագ Հակոբյանը։ Վերջինս ներկայացրեց եկեղեցու պատմությունը, առանձնահատկությունները, պատմեց Ուկրաինայի իշխանությունների և ժողովրդի դրական վերաբերմունքի մասին, ապա դառնալով դեպի սուրբ Խորան, բոլորիս աղոթքի հրավիրեց։ «Հայր մեր»֊ին հետևեց «Տեր ողորմեա» շարականը։ Արմեն սարկավագի հրաշագեղ, բարձր ու հնչեղ ձայնը գերել էր բոլորին։ Նրա աղոթքը վարկյաններ անց հաղթահարեց լեզվական բոլոր խոչնդոտները և դարձավ տաճարում հավաքված հայերի, ուկրաինացիների, լեհերի և այլ ազգերի ներկայացուցիչների միասնական խնդրանքը Բարձրյալին։ Իրապես հրաշալի պահեր ապրեցինք հայկական այդ տաճարում։ Թերևս՝ ամենատպավորիչը Ուկրաինա այս այցի ընթացքում։

Սուրբ Աստվածածնի վերափոխման տաճարից դուրս գալուց հետո Լվովը միանգամայն այլ կերպ սկսեցի ընկալել։ Գալիցիայի նախկին մայրաքաղաքը միանգամից վերածվեց հայկական հոգևոր֊մշակութային ինչ-որ կենտրոնի՝ հայկական իր փողոցով, վանքերով, տներով, հուշարձաններով և բնակչությամբ։ Հիրավի հարուստ մի ժառանգություն, որին այսօր արժանապատվորեն տեր են կանգնել այնտեղի հայերը՝ համայնքի ղեկավար Ավետիս Սարաջյանի գլխավորությամբ։

Թե՛ Լվովի քաղաքապետը և թե՛ մարզի ղեկավարը ակնհայտ սիրով են խոսում այդ շրջաններում հայերի ստեղծած բարիքների ու մշակութային ժառանգության մասին։ Երկու պաշտոնյաները, անսալով Ուկրաինայում ՀՀ դեսպանի հորդորներին, խոստացան աջակցել Երևան֊Լվով ուղիղ չվերթ բացելու մեր ցանկությանը։ Անդրեյ Սադովոյն անգամ խոստացավ լինել այդ չվերթի առաջին ուղևորը։ Նա երազում է լինել Երևանում և պատրաստ է հայերենով երևանցիներին հրավիրել ծանոթանալու նաև իր ղեկավարած քաղաքին։ Կարծում եմ՝ նման տեսագրություն շուտով կհայտնվի համացանցում։

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ այցն իրապես կայացել է։ Ցավոք, հանգամանքների բերումով ստիպված էի նախատեսվածից երկու օր շուտ վերադառնալ Երևան, ինչի պատճառով չմասնակցեցի որոշ հանդիպումների։ Բայց եղածն էլ բավարար է վստահ փաստելու, որ Ուկրաինայում մենք ունենք հիանալի համայնք, հայերի հանդեպ բարիացակամ տրամադրված ժողովուրդ, մեզ հետ գործնական հարաբերություններ որոնող հանրություն և դե իհարկե արդյունավետ գործող դեսպանատուն։Իրողություններ, որոնք չեն կարող չուրախացնել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում