Նաիրիտը էկոլոգիական աղետ է Հայաստանի համար

Նաիրիտի վերաբացումն ամենաքննարկվող թեմաներից է։ Մեծամասնությունը կարծես կողմ է այդ քիմիական գիգանտի շահագործմանը։ Որոշ ուժերի համար էլ դա քաղաքական դիվիդենտներ շահելու հարմար առիթ։

Հաշվարկվում են Նաիրիտի աշխատելու դեպքում հնարավոր ֆինանսական օգուտները, կազմվում ու ներկայացվում են այն վերաբացելու ծրագրեր․․․ Կվերաբացվի Նաիրիտը, թե՝ ոչ, միանշանակ դժվար է ասել։ Իմ խորին համոզմամբ, նման բան երբեք չի լինի, քանի որ որևէ ընկերություն այդքան գումար չի ներդնի այդ արդեն իր դարն անցած կառույցի վերակենդանացման համար։ Ֆինանսական տեսանկյունից գուցե ավելի շահավետ լինի նորը կառուցելը, քան հին կիսաավերակին կենդանություն տալը։

Սակայն հարցը դա չէ։ Երբևէ մեկը հաշվե՞լ է այն անդառնալի կորուստները, որոնք ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ չարիքի աշխատելու տարիներին։ Այդ հարցն արծարծողները տեղյա՞կ են արդյոք, որ Խորհրդային Միության տարիներին Մոսկվայի օնկոլոգիական ինստիտուտի հիվանդների գրեթե կեսը Հայաստանի քաղաքացիներն էին ու Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների մեջ Հայաստանի Հանրապետությունը քաղցկեղային հիվանդությունների ցուցանիշով զբաղեցնում էր առաջին հորիզոնականը։

Խորհրդային Միության ոչ մի հանրապետություն այնքան քիմիական գործարաններ իր տարածքում չէր տեղավորել, որքան մեր փոքրիկ հողակտորը։ Նույնիսկ անծայրածիր Ռուսաստանն իր հեռավոր տայգաներում նման մարդասպան գործարան չէր կառուցել։

Միայն չասեք թե որոշողը Մոսկվան էր ու եթե նա որոշել էր, որ այդ չարիքը պետք է Հայաստանում լիներ, ուրեմն որևէ մեկը չէր կարող առարկել։ Այդպես ասողները ակնհայտ կմեղանչեն ճշմարտության դեմ, քանի որ նույնիսկ խորհրդային տոտալիտար բռնապետության պայմաններում քիչ չեն եղել դեպքերը, որ այլ հանրապետություններ ընդդիմացել են կենտրոնական որոշումներին ու հասել իրենց ուզածին, քանի որ հանրապետությունները որոշ չափով ունեին ազատություն, եթե այդ ազատությունը միութենական վտանգ չէր ներկայացնում։

Իսկ կարող ե՞ք նշել մի դեպք, որ Հայաստանի կենտկոմը ընդդիմացած լինի Մոսկվայի որոշումներին։ Եթե ընդդիմացած լիներ, ապա գրեթե բացառապես օտարին ծառայող մահվան արտադրամասը մեզ մոտ չէր կառուցվի։ Ի դեպ, հիմա նույնպես վերականգնվելու դեպքում կրկին ծառայելու է օտարին։ Իհարկե դրա դիմաց մեզ որոշ տոկոսներ կհասնեն, քանի որ չի կարելի պետությանը հասցնել էկոլոգիական աղետի, առանց վճարելու։

Բացի դրանից աշխարհը զարգանում է ու չի կարելի մտածել միայն նախորդ դարից ժառանգություն մնացած մեռելներին վերակենդանացնելու համար։ Ժամանակակից աշխարհում շատ բնագավառներ կան, որոնք կարելի է զարգացնել Հայաստանում։ Աշխարհը, տեխնոլոգիաները փոխվում են ժամ առ ժամ, ինչու՞ ենք մենք համառորեն փորձում մնալ անփոփոխ։

Չի կարելի չգիտակցել, որ մենք չունենք այնքան ահռելի տարածքներ, որ մեզ թույլ տանք նման գործարաններ կառուցելու առանց մարդկանց առողջությանը անդառնալի կորուստներ պատճառելու։

Ես հասկանում եմ Նաիրիտի նախկին ու ներկա աշխատողներին, մարդիկ ունեցել են աշխատատեղ ու հիմա այն կորցրել։ Մյուսները վախենում են իրենց նախկին գործընկերների պես դառնալ գործազուրկ։ Դժվար է համակերպվել նոր իրավիճակին, դժվար է հոգալ ապրուստի միջոցները։

Ես հասկանում եմ Նաիրիտի վերաբացվելու հարցը շահարկող քաղաքական ուժերին։ Դա հրաշալի առիթ է ապագա խորհրդարանական ընտրություններից առաջ ձայներ հավաքելու համար։

Բայց մարդուն հատուկ է էգոիզմը։ Եթե ոմանց շահերը թելադրում են Նաիրիտի վերաբացվելը, եթե ոմանց շահերը թելադրում են այդ հարցը արծարծելը, ապա իմ շահերը ստիպում են կտրականապես դեմ արտահայտվել այդ չարյաց հսկայի հարությանը։ Ես ուզում եմ, որ մեր երեխաները ապրեն մաքուր ու անվտանգ միջավայրում, զերծ այն թույնից, որը մենք բոլորս շնչել ենք տասնյակ տարիներ ու շնչում ենք նաև այսօր։ Այո, շնչում ենք նաև այսօր, քանի որ դժբախտաբար Նաիրիտի ու նաև այլ քիմիական գործարանների որոշ արտադրամասեր դեռևս աշխատում են։

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում