59 մարդ է զոհվել Պակիստանում ոստիկանական ակադեմիայի վրա կատարված հարձակման հետեւանքով

Առնվազն 59 մարդ է զոհվել, եւս 116 հոգի, ներառյալ պահպանության ծառայության աշխատակիցներ, վիրավորվել Պակիստանի Բելուջստանի նահանգի մայրաքաղաք Քվետայի արվարձանում ոստիկանների պատրաստման քոլեջի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով տուժածներին օգնություն ցուցաբերող բժիշկներից մեկին:

Վիրավորներից ութը օրհասական վիճակում են: Բելուջստանի տարածաշրջանի ներքին գործերի նախարար Սարֆարազ Բուգտին պատմել է, որ հակաահաբեկչական գործողությունն ավարտված է, դրա ընթացքում ոչնչացվել են երեք զինյալներ, հաջողվել է ազատել 250-ից ավելի պատանդների:

Հոկտեմբերի 24-ի երեկոյան հինգ կամ վեց զինյալներ ներխուժել են Քվետայի արվարձանում ոստիկանների պատրաստման քոլեջ եւ անկանոն կրակ բացել: Բուգտիի խոսքով՝ հարձակման պահին ուսումնական հաստատությունում շուրջ յոթ հարյուր սովորողներ են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում