ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 99 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հոկտեմբերի 24-ի նիստում պատգամավորները քննարկել են «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը լրացվել է նոր հոդվածներով եւ լրամշակվել է: Մասնավորապես՝ կանոնագրքով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման եւ անցկացման, փրկարարական աշխատանքների եւ մարտական առաջադրանքների ղեկավարման եւ իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, խրախուսման, կարգապահական եւ նյութական պատասխանատվության կարգը, ծառայողի զենք կրելու, գործադրելու իրավունքը եւ այլն:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում՝ ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ եւ համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը: Ֆինանսական գործիքների շարքին են դասվում ֆյուչերսը, ֆորվարդը, օպցիոնը, սվոփը, ռեպոն եւ նմանատիպ այլ գործարքները: Նման ֆինանսական գործարքների կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր եւ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը քննարկման է ներկայացրել նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ փաթեթն ունի սոցիալական ուղղվածություն. նպատակն է ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը եւ պարտապանին հնարավորություն տալ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են 2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ միմյանց համապատասխան տարածքների միջեւ եւ դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի՝ համաձայնագրի վավերացումը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների հետագա կարգ ավորման համար, կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում