ՀԺ. Արարատի ոստիկանապետն իր վարորդի եւ աշխատակցի հետ ծեծել է քրեագետ լեյտենանտին

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզի ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանը իր վարորդի եւ քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել մարզային վարչության քրեագետ Եսայի Էլոյանին:

«Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում:

Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա եւ իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին:

Պատճառը, մեր տեղեկություններով, եղել է այն, որ Էլոյանին հրահանգել են ինչ-որ մեքենայի պետհամարանիշներ բարձրացնել Արսեն Աբրահամյանի մոտ, սակայն Էլոյանը արագ չի կատարել հրահանգը: Ի դեպ, մեքենան, ըստ նույն աղբյուրի, ոստիկանապետը նվեր էր ստացել: Երեկ մեզ հետ զրույցում լեյտենանտ Էլոյանը հերքում էր տեղի ունեցածը: Նա հայտարարեց, որ սխալ տեղեկություններ են տարածվում: Նկատենք, որ Էլոյանի ձայնը բավական ընկճված էր:

Ի դեպ, Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, որը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններով»,- մասնավորապես, գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում