«Վերջին երկար տարիներ»

Թերթերից մեկում ուշադրություն գրավեց պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հոդվածը, թե ինչ քայլեր են պետք, որոնք կբերեն առաջընթացի: Տոնայնությունն ու ընդհանուր շարադրանքն այն տպավորությունը թողեցին, որ Գագիկ Ծառուկյանի ժամանակվա «Բարգավաճում» քաղաքական փորձառություն ձեռք բերած, ապա Օսկանյանի ու Մարգարյանի հետ «Համախմբված» Վահե Հովհաննիսյանը կառավարության անվճար, բայց իմաստուն խորհրդատուի դիրք է ընդունել և, պետության զարգացմամբ մտահոգված, որոշակի առաջարկություններ է ներկայացնում, թե ինչը ոնց անել, այդ ամենը համեմելով բավականին տարածական դիտարկումներով ու բնորոշումներով:

Երիտասարդ քաղաքական գործիչների շարքում պարոն Հովհաննիսյանը, պետք է ընդունել, որոշակիորեն առանձնանում է: Եվ չի կարելի բացառել, որ ժամանակի հետ նա կարող է դառնալ Օսկանյանի «Համախմբման» եթե ոչ առաջին դեմքը, ապա գոնե այդ՝ ԲՀԿ-ից արտածված «քաղաքական թևի» հիմնական «ասողներից» մեկը: Նման հավակնություններ, ամեն դեպքում նշմարվում են, ու նաև դրա համար է հետաքրքիր, թե ի՞նչ է ասում:

Վատ բաներ չի ասում, լավ բաներ է ասում՝ պետությունը կարիք ունի մթնոլորտ փոխող խիզախ քայլերի, կարևոր է երիտասարդության համար երկրում մնալու հեռանկարը, անհրաժեշտ է խրախուսել նախաձեռնողականությունը, անհրաժեշտ է խնդիրների բաց և անկաշկանդ քննարկումների միջավայր և այլն, և այլն (իսկ ովքեր ուզում են, կարող են «Առավոտում» ընթերցել հոդվածը, համոզվել):

Ո՞վ կասի, թե դրանք լավ ու անհրաժեշտ բաներ չեն: Չնայած, այս «վերջին երկար տարիներին» ո՞վ նման լավ-լավ բաներ չի ասել, այն էլ՝ մի քանի անգամ, իսկ որոշներն էլ՝ տարին մի քանի անգամ: Այնպես որ, երիտասարդ քաղաքական գործիչն օրիգինալ չէ:

Նրա հոդվածն ընթերցելուն զուգահեռ մի ուրիշ բան էլ ուշադրություն հրավիրեց իր վրա: Բացասական երևույթներ նշելիս՝ Վ.Հովհաննիսյանը մի քանի անգամ գործածում է «վերջին երկար տարիներ» բառակապակցությունը: Անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի. վերջի՞ն տարիները, երկա՞ր տարիները, հատկապես ո՞ր «վերջին տարիները»:

Բանն այն է, որ այդ «վերջին երկար տարիներից» մի շարք «վերջին տարիներում» Վահե Հովհաննիսյանը եղել է մի տևական ժամանակահատված իշխանության մեջ գտնված «Բարգավաճ Հայաստանի» բավականին նկատելի անդամներից մեկը: Ու այդ հանգամանքից տրամաբանական հարցեր են ծագում:

Օրինակ, երբ պարոն Հովհաննիսյանը խոսում է «գործող ֆեոդալական բիզնես համակարգի» մասին, նա նկատի ունի՞ նաև իր ոչ այնքան վաղուցվա կուսակցական առաջնորդի բիզնես-կայսրությունը, թե՞ այն բացառապես արևմտյան մոդելի մենեջմենթի էտալոնային նմուշ է: Կամ երբ հարգարժան պատգամավորը խոսում է «որոշումների կայացման՝ ներկա կիսակլանային, ստվերային մեխանիզմից», «ձևավորված արևելյան կլանային, տարակարծություն մերժող յուրօրինակ մոդելից» և բավականին տեղին հորդորում ձերբազատվել հիշատակված «մեխանիզմից» ու «մոդելից», որդեգրեել նոր մոտեցումներ, իր նախորդ քաղաքական ու կուսակցական գործունեության ընթացքում որքանո՞վ է հաջողել կուսակցության մասշտաբով նման «մեխանիզմն» ու «մոդելը» փոխելու հարցում:

Այսինքն՝ եթե մեկին խորհուրդ ես տալիս այսպես ու այնպես վարվել, պետք է կարծել, որ մեկ այլ տեղում ու հնարավորություն ունենալով, ինքդ արդեն այդպես վարվել ես: Բայց թե Գագիկ Ծառուկյանի ժամանակվա ԲՀԿ-ն, թե նրանից հետո մնացած կառույցը, «Համախմբումն» էլ չհաշված, հազիվ թե օրինակելի կարելի է համարել՝ «արևմտյան մոդելների ու մեխանիլմների» տեսանկյունից: Սովորական արևելյան ներփակ կառույցներ են:

Խորհրդատվության դեպքում կարևոր է, որ խորհուրդ տվողը իրողություններն ու փաստերը չհարմարեցնի իրեն:

Նայենք. «Նախորդ շատ երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները, կառավարություններն ունեցել են մեկ ընդհանրություն՝ խուլ և համառ դիմադրության հակումը: Ոչ իշխանական ուժերը կարող են շաբաթներով, ամիսներով, տարիներով բարձրացնել հարցեր, հասարակության տարբեր շերտեր կարող են բարձրացնել հարցեր՝ ստանալով գրեթե զրոյական արձագանք…»,-նշված հոդվածում գրել է ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:

Սա ամենաքիչը կեղծ դատողություն է: Չէինք ուզենա մտածել, թե Վահե Հովհաննիսյանը հատուկ, այսինքն՝ միտումնավոր փորձում է եղելությունները «հարմարեցնել» իր բուր և բացասական գնահատականին:

«Շատ երկար տարիներից» վերցնենք «վերջին երկար տարիներին» արձանագրված մի քանի անհերքելի նմուշ:

1 «Հասարակության տարբեր շերտեր» բարձրացրեցին «Մաշտոցի պուրակի» խնդիրն ու դեմ դուրս եկան այն կրպակներով կառուցապատելու ծրագրին: «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները արձագանքեցին հասարակության պահանջներին, եթե կուզեք՝ տեղի տվեցին համառ ու հետևողական պահանջներին ու պահանջողներին, եթե կուզեք՝ ընդառաջեցին: Փաստ է. անարձագանք չթողեցին, փաստ է՝ պուրակը պահպանված է:

2 «Հասարակության տարբեր շերտեր» դեմ հանդես եկան մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշմանը: «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները արձագանքեցին: Փաստ է՝ ուղեվարձը մինչև հիմա էլ 100 դրամ է:

3 Կուտակային կենսաթոշակային մոդելի կիրառումը դեմ առավ «Դեմ եմ» շարժմանը: «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները որոշակի զիջումների գնացին:

4 «Հասարակության տարբեր շերտեր» անցած տարի ընդվզեցին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ( «Էլեկտրիկ Երևան» ): «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները անարձագանք չթողեցին թե շարժումը, թե պահանջները, և համագործակցելու առաջարկություններ էլ եղան:

5 «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները «վերջին երկար տարիներին» արձագանքեցին ու որոշակի բանակցություններ ունեցան իրենց առավել ընդդիմադիր ՀԱԿ-ի, հետո՝ «Քառյակի», հետո՝ «Եռյակի» հետ: «Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները բանակցությունների մեջ մտան «4+4+4»-ի հետ՝ Ընտրական օրենսգրքում պահանջվող մի շարք փոփոխություններ կատարելու համար:

«Խուլ և համառ դիմադրող» իշխանությունները ընդառաջեցին իրենց ընդդիմախոսների՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ծրագրային մոտեցումներին:

Էլի օրինակներ կարելի էր նշել, բայց եղածն էլ բավարար է՝ համոզվելու համար, որ Վ.Հովհաննիսյանի բնորոշումը և իրականությունը իրարից կիլոմետրերով հեռու են: Ուրիշ բառերով ասած, պատգամավորի բնորոշումը հիմնված է կեղծ կամ «հարմարեցված» դատողության վրա: Իսկ եթե մի բանի մեջ կա կեղծը, կասկածի տակ է ընկնում մնացած ասելիքի ու առաջարկությունների անկեղծը:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում